Քաղաքականություն

ՉՈՐՍ ՕՐ Է՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԴՐԵԼ ՀՀԿ-Ի ՊԱՍՏԱՌԸ․ ԱՇՈՏՅԱՆ

Ճակատագրի հեգնանքով, թե հանգամանքների դասավորությամբ՝ ՀՀԿ-ն այսօր ընրարշավի ընթացքում բախվում է գրեթե նույն խոչընդոտներին, ինչ երբեմնի ընդդիմադիրները՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք։ ՀՀԿ քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում թվարկեց, թե ինչ խոչընդոտների են իրենք հանդիպել քարոզարշավի մեկնարկից մինչ օրս։

Նա նախ դժգոհեց ԶԼՄ-ներից, որ նրանց մի մասը, հատկապես նրանք, որոնց ներկայացուցիչները ներգրավված են այս կամ այն քաղաքական ուժերում, հավասար չեն վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին՝ դառնալով ավելի շատ այդ քաղաքական ուժերի գովազդողը, քանի որ այնտեղ լրագրող թեկնածուներ ունեն։ «Իհարկե, խոսքը բոլորչին չի վերաբերում։ Շատ դժգոհ եմ Հանրայինի աշխատանքից։ Նրանք հին ու բարի ժամանակներցի հետո էլ ավելի շատ «հին ու բարի» են դարձել, աշխատում են բացառապես հաշվիչի սկզբունքով, այսինքն՝ քանի վայրկյան է այս կամ այն ուժը լուսաբանվում, այն դեպքում, երբ քաղաքական մեսիջները լուսաբանման որակի վրա չեն ազդում։ Ես նայեցի իմ ու Արփինեի ասուլիսը, բոլոր ալիքները քաղաքական ուղերձներ էին տվել, «Հանրայինի» ռեպորտաժը հիշեցնում էր Նոր տարվա փարթի։ Որևէ քաղաքական լուրջ մեսիջ, որ այդ պահին քննադատեցի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ իր կառավարությանը, որևէ քննադատական խոսք՝ վարչապետին ուղղված, որ հնչել է այդ օրը, «Հանրայինը» չի դրել եթեր»,-Hraparak.am-ի հետ զրույցում դժգոհեց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ խնդիր է նաև վարչական ռեսուրսի կիրառումը Փաշինյանի թիմի կողմից։

Մյուսը, ըստ Աշոտյանի, իրենց ռեյտինգային թեկնածուների համար առաջացրած խոչընդոտներն են տեղերում։ «Շարունակվում է այսպես ասած՝ «բարեկիրթ» մարդկանց գործունեությունը, որոնք տեղերում մեզ հետ հանդիպումների եկող թեկնածուների ականջներին շշնջում են, որ պետք չէ գալ այլևս։ Օրեր առաջ ես եմ արել հանդիպում հերթական խումբ կամավորների հետ, և վերջում, երբ նկարվում էինք, խմբի կեսից ավելին խնդրեց, որպեսզի թաքուն մնա իր աշխատանքն այստեղ, չէին ուզում լուսանկարվել, որովհետև աշխատում են պետական ապարատում, դպրոցներում և այլն»,-ասաց նա։

Նա նաև նշեց, որ իրենք Էջմիածնում գովազդային վահանակ էին վիճակահանությամբ շահել, որ դրա վրա փակցնեին ՀՀԿ քարոզչական պաստառը, բայց արդնե 4 օր է՝ տվյալ ՍՊԸ-ն հրաժարվում է տեղադրել Հանրապետականի պաստառը, իսկ ԿԸՀ-ն էլ չի կարողանում դա ապահովել։ «Սա աղաղակող խնդիր է, մենք դիմել ենք արդեն դատախազություն այս հարցում։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, ՍՊԸ-ն, որն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է ցանկ, իմանալով, որ Հանրապետականին է բաժին հասնում այդ տեղը, հրաժարվում է տեղադրել մեր պաստառը»,-ասաց նա։

Առնչվող Հոդվածներ