Քաղաքականություն

Պարոն Մարությանին խորհուրդ կտամ մի քիչ երկար մտածել դա անելուց առաջ:

Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը

Երևանի քաղաքապետարանը հրապարակեց քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևավճար չի ստացել, փոխարենը նրա տեղակալները ստացել են բարձր պարգևավճարներ։ Արդյոք արդարացվա՞ծ կարող են համարվել այդ չափով պարգևավճարները և արդյոք անակնկալ էր այդ տեղեկատվությունը ձեզ համար։

Այո, քաղաքապետն անձամբ հայտնեց այդ տեղեկատվությունը և դա հանրային ճնշման, նաև որոշ ՀԿ-ների ճնշման ու ի սկզբանե, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պահանջի արդյունք էր։ Մեր պահանջը լրիվ արդարացի էր։ Մենք պահանջում էինք ընդամենը հրապարակել պարգևավճարների հավելվածը, այսինքն՝ կատարել օրենքի պահանջը։ Շուրջ մեկ ամիս ձգձգվում էր հրապարակումը, և բոլորն էլ հասկանում են, թե ինչու։ Պարզվեց, որ մարդիկ, մասնավորապես, փոխքաղաքապետերը, կրկնապատիկ դրամական խրախուսումներ են ստացել։ Սա մենք սպասում էինք, որովհետև ունեինք տեղեկություն, որ տրվել են ահռելի գումարներ։ Այստեղ մենք ի սկզբանե հարց չէինք դրել, թե ինչու են պարգևավճարներ ստացել փոխքաղաքապետերն ու վարչության պետերը կամ մյուսները։ Մենք ընդամենը առաջ էինք տանում օրենքի պահանջը, որ քաղաքապետը պարտավոր էր պարգևավճարների մասին փաստաթղթին կցեր նաև հավելվածը։

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին դեկտեմբերի 25-ին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու նիստում հարց ուղղեց, որ տրվել են պարգևավճարներ և արդյոք դա եղել է քաղաքապետի կարգադրություն, որովհետև քաղաքապետարանի կայքում մենք այդ տեղեկատվությունը չէինք գտել։ Պարոն Սարգսյանը ասաց, որ, այո, երեկ է քաղաքապետը ստորագրել կարգադրությունը և պատրաստվում է տեղադրել կայքում։ Տեղադրեցին հետին ամսաթվով՝ դեկտեմբերի 21-ով։ Այդ օրվանից սկսած մենք պահանջում էինք, որ կցվեր նաև հավելվածը, ինչը նախորդ քաղաքապետերի օրոք քաղաքային իշխանությունների կողմից կցվել էր։ Այո, Երևանի քաղաքապետը չի ստացել պարգևավճար, ինչպես իր լայվում այդ մասին շեշտեց։ Մենք դա գիտեինք, բայց այնպես չի, որ մենք զարմացած ենք, ապշած ենք, և դա մեզ համար սպասելի չէր։ Ընդամենը 2 ամսվա չինովնիկի համար 200 տոկոս պարգևավճարը, իմ կարծիքով, «մի փոքր» շատ է։

Դուք հայտարարել էիք, որ եթե պարգևավճարների հավելվածը չհրապարակվի, դիմելու եք դատարան։ Փաստորեն, այն հրապարակվեց, կա՞ հիմա քայլերի հաջորդականություն։

Դեռևս խմբակցությունով որոշում չունենք, բայց ես խորհուրդ եմ տալիս պարոն Մարությանին հաջորդ անգամ, եթե մտքով անցնի հիշել ավագանու անդամին տրվող 55 հազար դրամի փոխհատուցումների մասին և, այսպես ասած, հայտարարի, թե մենք այդ գումարը փոշիացրել ենք, որևէ բան չենք արել, մի քիչ երկար մտածել դա անելուց առաջ, որովհետև երկու ամիս աշխատած պաշտոնյայի համար 200 տոկոս հավելավճարը մի բան է, իսկ ամբողջ տարին աշխատած, «Ելք» խմբակցության անդամների կատարած թափանցիկ աշխատանքը, որը բոլորիս աչքի առջև է եղել, մեկ այլ բան։

Կարծում եք, որ այս դեպքը զսպաշապի՞կ է լինելու հաջորդ անգամ նման շռայլությունից խուսափելու համար։

Չեմ կարող ասել, որովհետև մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում քաղաքային իշխանությունները հաշվետու չեն հասարակությանը։ Այսինքն գնումներ են անում առանց մրցույթի, պարգևավճարեր են տալիս և այլն։ Նույնը եղավ տոնածառի գնման հետ կապված, ձնահավաք 9 մեքենաների գնման հետ կապված։ Պարզվեց, որ գնումը եղել է մեկ անձից, մրցույթ չի եղել։

Վերջերս նկատողություն եղավ այն մասին, որ Երևանի քաղաքապետարանում ծրագրերից մեկի վերաբերյալ քննարկում է եղել և «Լույս» խմբակցությանը չէին հրավիրել։

Այո, երկու օր առաջ սկրինինգային ծրագրի քննարկում էր տեղի ունեցել քաղաքապետարանում, որտեղ եղել էին և ավագանու և «Իմ քայլը», և ԲՀԿ խմբակցությունների անդամներ, և հրավիրված չէր «Լույս»-ից ոչ մի անդամ։ Վիրավորանք կար, որ եթե երկու խմբակցությունների անդամները հրավիրված են եղել, ապա ինչու «Լույս»-ը հրավիրված չի եղել։ Սա անտեսում է, թափթփված վերաբերմունք է, և իսկապես վիրավորական է։ Ես այդ նյութը քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում եմ տեսել և խորը վիրավորվել եմ, որովհետև մասնավորապես, առողջապահական ոլորտը շուրջ երկու տարի է ինձ խորապես հետաքրքրում է որպես ավագանու անդամ։ Ես զբաղվել եմ պոլիկլինիկաների խնդրով, բարձրաձայնել եմ բժիշկների խնդիրները և հետաքրքրված եմ եղել այդ ոլորտով։

Երևանի նոր ավագանիում տպավորություն է, որ իշխող ուժի ու քաղաքապետի հետ դարձյալ չի՞ ստացվում աշխատել։ Ինչո՞ւ։

Ներկա քաղաքային իշխանությունը պետք է հաշվի նստի ընդդիմության հետ և ձևավորի այդ համագործակցության հարթակը, այլապես սա արդեն պրոբլեմատիկ է դառնում, որ մենք անընդհատ դժգոհում ենք իրենցից, իրենք փորձում են արդարանալ կամ պարզաբանումներ տալ։ Սա շատ վատ պրակտիկա է, այդ ամենը պետք է բերվի համագործակցության դաշտ, որ հանգիստ աշխատենք և մենք, և իրենք։ Եթե նախկին քաղաքային իշխանությունները և առհասարակ իշխանությունները փորձում էին հաշվի չնստել ընդդիմության հետ, մենք տեսանք, թե դա ինչի բերեց։ Ես չեմ ուզում ուղիղ համեմատականներ տանել նախկինների ու ներկաների միջև, բայց այս գործելաոճը, ինչպես նաև ավագանիում քվեարկությունները, հիշեցնում են  նախկիններին։

Առնչվող Հոդվածներ