Հասարակություն

ՊԵԿ-ը վտանգում է «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը, ասել է տնօրենը:

Այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ում չարաշահումների հայտնաբերման մասին Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության հիմնավորումներն անհիմն են։ Ընկերությունը հերքում է մեղադրանքը եւ պնդում՝ չվճարված հարկեր գոյություն չունեն։

«Ինչպե՞ս պետք է շարունակենք աշխատանքը ներդրողի հետ»

Հրանտ Թադեւոսյանը հայտարարել է, որ «ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է դրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը»։

«Այս օրերին պետք է պայմանագիր կնքեինք խոշոր ռուսական բանկի հետ՝ 6,5 տոկոսով մոտ 150 մլն դոլարի վարկ վերցնելու պայմանով։ Ակնկալում էինք տնտեսել տարեկան 2-4 մլն դոլար, սակայն ՊԵԿ հայտարարությունից հետո, որը նաեւ տարածվել է ռուսական մամուլում, մենք ստացանք լուրջ անհանգստություն, ահազանգ այդ բանկից, որի հետ ավարտում էինք բանակցությունները: Գործարքի իրականացումը դրվում է լուրջ կասկածի տակ»,- ասել է Հրանտ Թադեւոսյանը:

««Գազպրոմ Արմենիա»-ն պահանջում է հիմնավորում

Հրանտ Թադեւոսյանը հայտարարել է, որ եթե ՊԵԿ աշխատակիցները ուսումնասիրության արդյունքում հիմնավորվեն, որ 714 հազար բաժանորդներից ու 375 ավոտգազալիցքավորման ճնշումային կետերը բնական գազի ծավալների սպառում են թաքցրել, որի դեմ իրենք են պայքարել, ապա «Գազպրոմ Արմենիա»-ն շնորհակալություն կհայտնի ՊԵԿ-ին եւ օրենքի շրջանակում կգանձի ամբողջ գազի գումարը եւ կկատարի հարկային վճարումներ իրացված գազի ծավալների մասով։

Հրանտ Թադեւոսյանը պնդում է, որ սպառման ծավալների ավելացումը պետք է դրական գնահատվեր եւ ոչ թե մեղադրանքներ հղվեին «Գազպրոմ Արմենիա»-ին՝ նախկինում ծավալները թաքցնելու համար, երբ հենց ինքն է այն առաջին շահագրգռված անձը, որ իր արտադրանքի սպառման դիմաց կատարվեն անհրաժեշտ վճարումները։

«Չի կարելի համեմատել ամառն ու ձմեռը»

Հրանտ Թադեւոսյանն ասել է, որ Հայաստանում 700 հազար բնակչի հաշվիչ գազի ծավալը հաշվում է իրական ցուցիչներով՝ համապատասխան ջերմաստիճանով: Ձմռանը գազի նույն ծավալներն ուրիշ են, ամռանը՝ ուրիշ:

«Չի կարելի համեմատել ձմեռն ու ամառը, հունվարն ու հունիսը։  Ձմռան ամիսներին կորուստներն անհամեմատ բարձր են, քան ամռան ամիսներին, դա այդպես էր ոչ միայն 2018 թվականին։ Ձմռանը լրացուցիչ կորուստներ են առաջանում եւ կախված նրանից ցրտաշունչ է ձմեռը, թե ոչ, կորուստների չափերը տարբերվում են, ինչը նորմալ է։ Եթե ուսումնասիրել են 2016, 2017, 2018 թվականները, ապա տեսել են, որ այդ տարիներին եւս՝ ձմռան ամիսներին, կորուստներն ավելի շատ են եղել», — հայտարարել է Հրանտ Թադեւոսյանը։

«Ստացել ենք օրինապահ հարկ վճարողի հավաստագիր»

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը նկատել է, որ 2017-ի հունվարի 1-ից առ այսօր «Գազպրոմ Արմենիան» տարեկան կտրվածքով 13.4 մլրդ դրամի վնաս է կրել, բայց շարունակում է մնալ գազաէներգետիկ համակարգի ամենախոշոր ներդրողը։

«2002-2018 թվականներին, ընկերությունը 950 մլն դրամի ներդրումներ է իրականացրել, չի ստացել ոչ մի լումա դիվիդենտ եւ 2017-ին իր իսկ նախաձեռնությամբ նվազեցրել է ՀՀ գազասպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը»,- ասել է Հրանտ Թադեւոսյանը՝ խոսելով ներդրումների մասին։

Նա հիշեցրել է, որ  իրենք խոշոր հարկատու են եւ մշտապես իրենց գործունեությունը ծավալել են հարկային օրենսդրությանը համապատասխան, ինչի արդյունքում ՊԵԿ-ից ամեն տարի ստացել են օրինապահ հարկ վճարողի հավաստագիր:

Գազի սակագնի փոփոխություն

Հրանտ Թադեւոսյանը հայտարարել է, որ Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա։

«Գազի ներկրման գինը որոշվել ու որոշվում է միջպետական կառավարական համաձայնագրերով: Այս փուլում կառավարությունը բանակցությունների մեջ է  Ռուսաստանի կառավարության հետ, եւ մենք չենք մասնակցում այս գործընթացին: Այդ համաձայնագրերի արդյունքում պետք է սահմանվի գին, որը կդառնա հիմք՝ «Գազպրոմ Արմենիա»-ի համար, որ մենք կնքենք պայմանագիր: Ներկա փուլում 2019թ. ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա»,- ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենը։

Լուսին Մկրտչյան

Առնչվող Հոդվածներ