Պաշտոնական

«Պետք է ջախջախել անգիր անելու ինստիտուտը. աշակերտի հիմնական առաքելությունը դպրոցում պետք է լինի ոչ թե հիշելը, այլ մտածելն ու վերլուծելը». Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

2019-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց իր ոլորտի հատկացումներն ու նախատեսված ծախսերը: Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջին բանը, որն արձանագրել է՝ գալով նախարարություն, այն է, որ եթե արդյունավետ ծախսվեն գումարները, արդյունք կլինի: Նա ասաց, որ հիմա վերաբաշխումներ են անում ծրագրային հատկացումների ու բավականին հետաքրքիր նոր ծրագրեր իրականացնում դրա հաշվին: Հարությունյանը նշեց, որ բնագիտական ոլորտից հոսք կա դեպի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտ ու պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի բնագիտական ոլորտը նույնպես գրավիչ դարձնեն, այլապես անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ. «Ամեն երկրորդ հարցը, որ աշակերտի ծնողներն ինձ տալիս են, հետեւյալն է՝ բա ե՞րբ ենք անցնելու 10-ամյա կրթության»: Նա ասաց, որ դա դրանից է, որ բովանդակություն չի հաղորդվել ավագ դպրոցին: Պետք է ավագ դպրոցով վերացնել ընդունելության քննությունների ինստիտուտը եւ վերացնել կախվածությունը կրկնուսույցներից, շտեմարաններից, ջախջախել անգիր անելու ինստիտուտը. «Աշակերտի հիմնական առաքելությունը դպրոցում պետք է լինի ոչ թե հիշելը, այլ մտածելն ու վերլուծելը: Մեզ կհաջողվի չափորոշիչներ մշակելիս հասնել այդ արդյունքին»: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ մտադիր են բուհերի որոշ առարկայացանկ բերել ավագ դպրոց, իսկ բուհերում ավելի շատ տեղ տալ մասնագիտական առարկաներին: Օրինակ, իրավագիտությունը յուրաքանչուր ֆակուլտետում դասավանդում են, այն տեղ է զբաղեցնում՝ եւս մեկ մասնագիտական առարկայի փոխարեն. «Եթե իրավագիտությունը բերենք ավագ դպրոց, զգալի տեղ կազատենք մասնագիտական առարկաների համար»: Խոսելով դասագրքերի մասին՝ նա ասաց. «Այնքան խառը համակարգ է, որը ե՛ւ կոռուպցիոն ռիսկերի տեղ է տալիս, ե՛ւ արդյունավետության խնդիր կա, մենք անընդհատ լսում ենք, որ այս դասագրքում այսինչ պրոբլեմը կա, այս սխալը կա, անընդհատ այդ նույն գրքերը այն նույն սխալներով տպագրում ենք: Հիմա հանրային քննարկումներ են լինելու, որ աղաղակող խնդիրները, որոնք կան դասագրքերում, վերացվեն»:

Առնչվող Հոդվածներ