Պիպոն ստիպում էր ասել՝ «զակազչիկը» Արտյոմ Կանևսկոյն է. հրապարակվեց առևանգման գործով տուժողի ցուցմունքը. News.am

News.am-ը գրում է. Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով տուժող Արտակ Այվազյանը պնդում է, որ Արթուր Ասատրյանը որեւէ կապ չունի իրեն առեւանգելու դեպքի հետ։ Նման հայտարարություն այսօր՝ սեպտեմբերի 13–ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող հերթական դատական նիստի ժամանակ իր ցուցմունքում հայտարարեց Այվազյանը։

Նա նշեց, որ Արթուր Ասատրյանին նախկինում տեսել է միայն հեռուստացույցով։ Ըստ տուժողի ցուցմունքի՝ իրեն առեւանգող անձը ներկայացել է Պիպո անունով, սակայն այդ անձը Արթուր Ասատրյանը չէ։

Նշենք, որ Այվազյանը ներկայումս կալանքի տակ է Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող մահափորձի գործով։

Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց հրապարակել Այվազյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, հաշվի առնելով դրանց եւ դատարանում տված ցուցմունքի միջեւ առկա հակասությունները։ Որպես կասկածյալ հարցաքննվելիս Այվազյանը մանրամասն նկարագրել է առեւանգման եւ իրենց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները։ Այվազյանի խոսքով՝ անհայտ անձինք իրենց կամքին հակառակ իրեն, Վազգեն Ղազախեցյանին եւ Արկադի Քոչինյանին տարել եւ պահել են նկուղում, պարբերաբար ձեռնաշղթաներ հագցրել եւ ծեծի ենթարկել։

Այվազյանը պատմել է, որ Էջմիածնում սեւ գույնի «Պրիորա» մակնիշի մեքենայով հետապնդել են իրեն եւ Վազգեն Ղազախեցյանին, բռնություն գործադրելով առեւանգել եւ տեղափոխել ինչ–որ գործարանի տարածք։

«Մեզ տարան ինչ–որ զավոդ ու սկսեցին ոտքերով հարվածներ հասցնել եւ անընդհատ կրկնել՝ ո՞վ է ձեր զակազչիկը։ Անընհատ կրկող անձն ասաց, որ ինքը Էջմիածնեցի Պիպոն է եւ ուզում է իմանալ, թե ով է մեզ պատվիրել, որ սպանեն իրեն։ Ես ասում էի, որ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը»,–իր ցուցմունքում գրել է տուժողը։

Արտակ Այվազյանի խոսքով՝ Պիպո անունով ներկայացած անձը 45 տարեկանից բարձր, սպիտակ մաշկով, կլորավուն դեմքով տղամարդ էր։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ գրառումներ