Քաղաքականություն

Պոպուլիզմը խեղդել է այսօրվա իշխանությանը, սրանք միայն ընդունակ են սելֆի անել ու նկարվել. Արթուր Վանեցյան


«Տարածքային կառույցների ձևավորումը շատ կարևոր է կուսակցաշինության գործում, ու մենք ներկայացված ենք լինելու Հայաստանի բոլոր մարզերում», — հայտարարեց Արթուր Վանեցյանը` Արտաշատում կուսակցության և հիմնադրամի մարզային գրասենյակի բացման ժամանակ։

Անդրադառնալով ներքաղաքական և արտաքաղաքական օրակարգերի խնդիրներին՝ Ա. Վանեցյանը նշեց, որ այսօր երկիրը փաստացի չի կառավարվում։

«Բոլոր ոլորտներում առկա են ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ, իներցիոն կառավարում, իսկ առողջապահական համակարգում՝ հանցավոր բացթողումներ, որոնց պատճառով հարյուրավոր մարդիկ են մահանում։

Երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունը պետք է պատասխան տա», — նշեց կուսակցության նախագահը։

«Նույն խնդրահարույց վիճակն է տիրում նաև արտաքին քաղաքականության դաշտում։

Իշխանության անհեռատես և անհետևողական քաղաքականության հետևանքով այսօր մեր հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը օրեցօր ավելի լպիրշ դրսեւորումներ են ցուցաբերում, մեծացել է լայնածավալ պատերազմի վտանգը։

Փա՛ռք ու պա՛տիվ ՀՀ զինված ուժերին, որ կարողացան կանխել հակառակորդի ագրեսիվ գործողությունները», — նշեց Ա. Վանեցյանը։

Խոսելով մարզի խնդիրներից՝ Ա. Վանեցյանը նշեց, որ այս ոլորտում ևս իշխանությունը հանցավոր անփութություն դրսևորեց` վերացնելով գյուղատնտեսության նախարարությունը, բնագավառին սպասարկող պետական կառույցի լիազորությունները բաշխելով այլ կառույցների միջև։

Արդյունքում գյուղացին միայնակ է մնացել՝ իր առօրյա խնդիրների հետ, և ստիպված է ինքնուրույն դիմակայել ի հայտ եկած բոլոր մարտահրավերներին։ «Պոպուլիզմը խեղդել է այսօրվա իշխանությանը։ Սրանք միայն ընդունակ են սելֆի անել ու նկարվել»,- հայտարարեց Ա. Վանեցյանը։

Պատասխանելով իշխանության՝ իր դեմ սանձազերծած քրեական հետապնդումներին` Ա. Վանեցյանը նշեց, որ նման վարքագիծը վախի արգասիք է։

«Իշխանությունը սարսափած է, վախենում է ձեզնից, սիրելի՛ կուսակցականներ՝ մարդկանց այն մեծ հոսքից, որ այժմ առկա է դեպի կուսակցություն։

Օրըստօրե ավելի մեծաթիվ է դառնում մեր հայրենակիցների այն շրջանակը, որ իր հույսը կապում է «Հայրենիք» կուսակցության հետ։

Մեր ընթացքն անկասելի է, ու մենք հաղթելու ենք, և այս իշխանությանը քշելու ենք երկրի կառավարման ղեկից» ,- եզրափակեց Արթուր Վանեցյանը։

Առնչվող Հոդվածներ