Քաղաքականություն

Պուտինն աջակցեց Փաշինյանին և բարդ վիճակ ստեղծեց ընդդիմության համար

Մեր խնդիրն է աջակցել վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին խաղաղ կյանքի կարգավորման և որոշումների իրագործման հարցում, ՀԱՊԿ Վեհաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: ՌԴ նախագահը այդպիսով մի քաղաքական աջակցություն է հայտնում Հայաստանի վարչապետին ներքաղաքական պայքարում: Ինչպիսի՞ ազդեցություն կունենա այդ աջակցությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ իրավիճակի բոլոր հիմնական դերակատարները Ռուսաստանի նախագահի խոսքին և դիրքորոշմանը վերաբերում էին իհարկե «մեծ ակնածանքով», համարելով դա քաղաքական վարքագծի հիմնական կողմնորոշիչ:

Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ ընդդիմությունը, լսելով Պուտինի հայտարարությունը, անմիջապես դադարեցնելու է քաղաքական պայքարն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, սակայն գրեթե կասկած չկա, որ ՌԴ նախագահի հայտարարություններն են կանխորոշելու առերևույթ տեղի ունեցողի տողատակը: Պուտինը հայտարարում է, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, և դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Պուտինին Հայաստանի վարչապետի պաշտոնում:

Ընդ որում, նա նաև ակնարկում է այդ մասին՝ նշելով, որ խաղաղ կյանքի կարգավորումից բացի, կա նաև որոշումների հետագա իրագործման հարց: Իսկ սա, թերևս, ամենահետաքրքիրն է, որովհետև կարևոր է հասկանալ, թե ինչ որոշումների մասին է խոսքը: Ելակետը հասկանալիորեն նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է, որով Հայաստանը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է Ադրբեջանին վերադարձներ հայտնի երեք շրջանները: Ըստ էության, նոյեմբերի 9-ի ժամանակացույցը դրանով էլ ավարտվել է, և համաձայնագրի մնացյալ թեմաները՝ մարդասիրական հարցերից մինչև հաղորդուղիների ապաշրջափակում, չունեն սահմանված կոնկրետ ժամկետներ: Ավելին, կարծես թե չկան սահմանված կոնկրետ պարտավորվածություններ: Այդ հանգամանքը ավելի է սրում ինտրիգը, թե ինչ որոշումների իրագործման մասին է խոսքը: Առավել ևս որ Հայաստանի ընդդիմությունը գործնականում կասկածի տակ չի էլ դրել դրանք իրագործելու իր պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ ընդունում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը որպես իրողություն և ընդամենը դնում պարտված վարչապետի, կամ ինչպես իրենք են ասում՝ «դավաճան» վարչապետի հեռացման պահանջ, թեև Պուտինը նաև ասել էր, որ չկա Նիկոլ Փաշինյանին դավաճանության համար մեղադրելու հիմք: Կա՞ն այլ որոշումներ, որոնցից վարչապետի հրաժարական պահանջող ընդդիմությունը, հայաստանյան քաղաքական այլ ուժեր ու հանրությունը տեղյակ չեն և տեղեկանալու են հաջորդիվ, և որոնք դեռ պահանջելու են վարչապետ Փաշինյանի այն խիզախությունը, որի մասին ՀԱՊԿ Վեհաժողովում խոսել է ՌԴ նախագահը:

Առնչվող Հոդվածներ