Ջեկոն պատմել է, թե ինչ էր ասել Մխիթարյանին հանդիպումից առաջ:

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն Ա Սերիայի 3-րդ տուրում սեփական հարկի տակ «Սասուոլոյի» նկատմամբ 4-2 հաշվով հաղթանակից հետո Roma TV-ին տված հարցազրույցում հայտնել է իր տպավորությունների մասին:

«Գոհ եմ հաղթանակի կապակցությամբ, բայց երկրորդ խաղակեսում կարող էինք ավելի լավ խաղալ, քանի որ խնդիրներ ունեցանք: Պատճառներից մեկն այն է, որ հավաքականներից վերադառնալուց հետո անմիջապես խաղալը բարդ է:

Մեզ առաջին խաղակեսից հետո երևի թե թույլ տվեցինք փոքր-ինչ թուլանալ, թեև մարզիչը մեզնից հակառակն էր պահանջել: Նույնն այսօր արեց «Բրեշիան», և բոլորս տեսանք, թե ամեն ինչ ինչպես ավարտվեց (այդ թիմն առաջին խաղակեսում 3-1 հաշվով հաղթել էր «Բոլոնյային», բայց վերջնական արդյունքում պարտվել 3-4 հաշվով՝ խմբ․): Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ 3 միավոր ենք վաստակել և շարունակում ենք աճել:

Հրաշալի առաջին խաղակես անցկացրինք: Խփեցինք 4 գոլ ու կարող էինք անել ավելին: Պետք է լավատես լինենք և խաղ առ խաղ աճ գրանցենք: Հարկավոր է վայելել այս հաղթանակն ու շարժվել առաջ: Հուսով ենք՝ այսօրվա երկրորդ խաղակեսի նման իրավիճակների ապագայում այլևս չենք հանդիպի:

Հենրիխ Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, նա ուժեղ շատ թիմերում է հանդես եկել: Նրան խաղից առաջ ասել էի, որ պետք է անմիջապես գոլ խփի և օգնի «Ռոմային» հաղթանակ գրանցելու գործում»,- ասել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ավագը:

Նմանատիպ գրառումներ