Մշակույթ

«Ջիվան Գասպարյան». auroraprize.com:

Դուդուկահար Ջիվան Գասպարյանն ասում է` մեզանից յուրաքանչյուրի սրտում էլ վիշտ կա, բայց դրա համար չպիտի լացենք, հակառակը` պիտի շարունակենք ապրել: «Հողի վերքերը բուժվում են, սրտի վերքերը չեն բուժվում»,- իր գրած երգերից մեկի տողերն է մեջբերում:

Դուդուկը փոխեց նրա կյանքը: Դուդուկը նրան դարձրեց աշխարհահռչակ: Նա իր դուդուկի մեղեդիով աշխարհին ներկայացրեց հայերի չսպիացող վերքերն ու ապրել-արարելու շնորհքը:

Ջիվան Գասպարյանը Թուրքիայում չորս անգամ համերգ է ունեցել: Պատմում է, որ ամեն անգամ Թուրքիայում իրեն նույն հարցն են տալիս` «Ձեր պապերը Մուշից են, ի՞նչ կասեք Մուշի մասին»: Ու ինքն ամեն անգամ ներկայացնում է իր գերդաստանի պատմությունը:

Նրա պապերը մշեցի են: Հայրական պապը` Ղեւոնդ Գասպարյանը, հողագործ է եղել: Վեց եղբայր է ունեցել, որոնցից միայն երկուսն են գաղթել Հայաստանի Սոլակ գյուղ (գտնվում է Կոտայքի մարզում), մյուսներն ինքնապաշտպանական մարտերում զոհվել են: Դուդուկահարը պատմում է, որ ցեղասպանության տարիներին սկսված գաղթի ժամանակ թոռներից 4-ը մնացել էին Մուշում: Մի թուրք երեխաներին տարել էր իր տուն, պահել: Հետո մեծ պապը` Ղեւոնդ պապի հայրը, անցել է սահմանն ու Թուրքիայում ապրող քուրդ ընկերների հետ գնացել Մուշ, վերցրել երեխաներին ու բերել Հայաստան:

Արամայիս Գասպարյանը` Ջիվան Գասպարյանի հայրը, ծնվել է 1898թ. Մուշում: 17 տարեկանում հոր հորդորով, որպես կամավոր, միացել է Անդրանիկի զորքին: Զորքում էին նաեւ նրա 2 եղբայրները: Նրանցից մեկը եղել է Անդրանիկի ձիերի նալբանդը: 3-ից երկուսը հետագայում հաստատվել են Հայաստանում, իսկ մեկը` Գեւորգը, անհայտ կորել է:

Արամայիսը Թուրքիայից Հայաստան է անցել Անդրանիկի զորքի հետ: Զորավարը Ղարաբաղն ազատագրելու նպատակ ուներ, սակայն առաջացած հակասությունների պատճառով հեռացավ Հայաստանից: Այս ամենից հետո էլ Ջիվան Գասպարյանի հայրը հաստատվել է Սոլակ գյուղում: Այստեղ էին հաստատվել նաեւ բազմաթիվ մշեցիներ, այդ թվում` Խաչատուր Գրիգորյանը, որի աղջկա` Մագթաղի հետ հետագայում պիտի ամուսնանար Արամայիսը: Ջիվան Գասպարյանը պատմում է, որ իր գերդաստանի մի մասը Սոլակում հաստատվել է մինչեւ 1915-ը, մյուսները` 1915-ի կեսերին: Այդ տարիներին գյուղը բնակեցված էր խոյեցիներով ու մշեցիներով: Մայրական պապը` Խաչատուրը, անասնապահ էր, միայն սպիտակ ոչխարներ էր պահում: Ասում է` եթե մի ոչխարի նույնիսկ պոչը սեւ լիներ, պապը մորթում էր: «Մայրական պապս լավ ուտող էր` 20-25 ձվից ձվածեղ էր ուտում: Բարի մարդ էր, բայց մի անարդար բան տեսնելիս, մեջը չէր պահում` ասում էր` թունդ հայհոյելով»,- ժպտալով վերհիշում է այսօր արդեն 87-ամյա թոռը:

Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ., Սոլակում: Չնայած ընտանիքը 1926թ.-ից հաստատվել էր Երեւանում, մանկությունն անցկացրել է գյուղում: «Ընդհանրապես մեր ցեղը լավ մարդիկ են եղել, ընտանիք սիրող, թասիբով… Ես հիշում եմ, պապիս տունը մի 30 հոգով նստում էին ճաշի: Թոնիր ունեին, փայտից սարքած քուրսի էին դնում (կարճ ոտքերով սեղան- հեղ.), քեչեքը գցում գետնին, էն ժամանակ մահճակալ էլ չկար, ոտքերը կախում էին թոնրի մեջ, բարձերը վերցնում, քնում»,- ասում է նա: Ընտանիքում շատ չէին խոսում 1915-ին կատարվածի մասին: Մի անգամ Խաչատուր պապը սաստել էր կնոջը` Մարգարիտ տատին, երբ երեխաներին պատմում էր, թե ինչ են արել թուրքերը հայերի հետ: Երեխաներն ուշադրությամբ լսում էին, տատն սկսել էր լացել պատմության կեսից ասել, որ իր հարազատներին սպանել են թուրքերը: «Հայրս պատմում էր, որ թուրքերը դաժան էին,  սիրուն աղջիկներին, որ ուզում էր խանը, զոռով տանում էին: Բայց իրենք պայքարում էին, կռվում էին: Ամիսներով սարերում էին»,-պատմում է դուդուկահարը:

Ամբողջությամբ՝ auroraprize.com

Առնչվող Հոդվածներ