Արցախ

Ռազմաճակատում․ «Հետք»-ն անդրադարձել է Մռավ լեռան վրա իրենց ծառայությունը կատարող զինվորներին (տեսանյութ)


«Հետք»-ը այս անգամ անդրադարձել է Մռավ լեռան վրա իրենց ծառայությունը կատարող զինծառայողներին։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Տերեւաթափը սկսվել է արդեն: Մեքենան մտնում է անտառ, ու աշնանային գույների միջով դանդաղ բարձրանում ենք դեպի Մռավ լեռը: Վարորդը՝ Խոսրով Մուսայելյանը, պայմանագրային զինծառայող է: Որդին՝ 19-ամյա Վալերին, զոհվել է սեպտեմբերի 28-ին հարավում մղված մարտերում: Որդու զոհվելու մասին ընթացքում ասում է բեռնախցիկում նստած զինվորականը: Խոսրովի դեմքի բոլոր հատվածներում վիշտ կա: Ու ոչ մի բառ չես կարողանում արտաբերել լուրն իմանալուց հետո: Փորձում եմ ջարդել բեռնատարի ձայնին զուգահեռ լռությունը:

-Քա՞նի անգամ ես բարձրանում օրվա ընթացքում,- հարցնում եմ Խոսրովին:

-Քանի անգամ պետք է լինում, բարձրանում եմ:

Հետո մեքենայի մասին եմ հարցեր տալիս, նա սկսում է մեքենայի հնարավորությունների մասին պատմել: Ու մեկ էլ խոսքի մեջ գլուխը տարուբերելով՝ ասում է. «Քանի ընտանիքի մեջք կոտրվեց, գիտե՞ս»: Ու սկսում է անուններ տալ:

Մինչեւ Մռավ բարձրանալն անտառում զինվորները սուրճ առաջարկեցին: Պատերազմը սկսելու օրվանից սա առաջին անգամն է: Իսկ դա նշանակում է, որ համեմատաբար հանգիստ է վիճակը: Զորքն ինժեներական աշխատանքներ է իրականացնում: Լեռան վրայի դիրքեր միայն զինվորական մեքենայով կարող ենք գնալ: Ամեն դիրքում զինվորները մեզ էին հարցեր տալիս. ի՞նչ կա սահմանի մյուս հատվածներում, Երեւանում, ի՞նչ են խոսում Ղարաբաղի հարցի մասին դրսում… Բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չունեինք: Հետո զրույցը սկսում է ծավալվել տարբեր ուղղություններով:

Մռավ հասնելուն պես դիրքի տղաները միանգամից հավաքվում ու սկսում են բեռնաթափել մեքենան: Այստեղ պայմանագրային զինծառայողներին միացել են նաեւ ժամկետայիններն ու կամավորականները:

Մամիկոն Ավանյանը Ռուսաստանից է եկել, շահումյանցի է: Հարձակման մասին լսելուն պես եկել է: Այս դիրքում նա միակը չէ, որ Ռուսաստանից է եկել: Մամիկոնն ասում է, որ շատերն են ուզում գալ:

-Ինչպե՞ս է տղաների տրամադրությունը,- հարցնում եմ Մամիկոնին:

-Բոլորի դուխը տեղն է: Մեր ազգի նման դուխով տղերք չկան ոչ մի տեղ աշխարհում: Մանավանդ մեր 18-19 տարեկան տղաների նմանը չկա: Ոչ մի բանից չենք վախենում: Մենք մեր հայրենիքն ենք պահում: Բայց ինչ որ իրենք են անում (նկատի ունի ադրբեջանցիներին- հեղ.), կրկնակին մենք պետք է անենք: Եթե նրանք մեր քաղաքներն են ավերում, նույնը մենք պետք է անենք,- ասում է Մամիկոնը:

Ստորաբաժանման հրամանատար Արտյոմը պատմում է, թե ինչպես են հետ մղել հակառակորդի հարձակումները պատերազմի օրերին:

-Այսօր մի հինգ-վեց անգամ հրետանիով են խփել: Երեք անգամ այս ընթացքում փորձել են մեր դիրքը գրավել, բայց ոնց տեսնում եք, էստեղ ենք,- ասում է հրամանատարը:

-Մարտական ենք տրամադրված, մի սանտիմետր հետ չենք գնալու: Առաջին անգամ, երբ տուն խոսեցի, երկար ժամանակ չէի խոսել: Իմ հոր ձայնը էդպես չէի լսել ոչ մի անգամ, էդքան հուզված չէի լսել: Չդիմացա, չէի կարողանում խոսել: Մի քիչ հետո մայրս զանգեց, չէի կարողանում խոսել, բառերս չէի կարողանում իրար կապել: Ավելի ուշ զանգեցի, ասեցի՝ հանկարծ չմտածեք, որ եթե էդպես հուզված խոսեցի, ինձ մոտ վատ է, ամեն ինչ նորմալ է: Ասեցի՝ հուզվեցի, որ զգացի, թե դուք ինչքան եք անհանգստացել»,- պատմում է ժամկետային զինծառայող Գուրգեն Նահապետյանը:

Թե ինչերի միջով են անցնում մեր զինվորները, միայն իրենք գիտեն, գուցե վերադառնալուց հետո մի օր որոշեն պատմել: Միայն իրենք կարող են պատմել իրենց զոհված ընկերների մասին»:

Առնչվող Հոդվածներ