Հասարակություն

«Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը ծառայեցրել է իր շահերին». Սեդա Սաֆարյան

«Այս 10 տարիների ընթացքում մշտապես իմ կարծիքն արտահայտել եմ այն մասին, որ, եթե իշխանությունների մոտ քաղաքական կամք չլինի, ապա վարույթ իրականացնող մարմիններն այսքան խորացված քննություն չեն ապահովի, քանի որ այս 10 տարիների ընթացքում վարույթն էլ է քրեականացված եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց 2008 թվականի մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին։

Նրա գնահատմամբ, այն, ինչ այսօր սկսվել է՝ հուսադրող է իրենց և հասարակության համար, քանի որ երբևէ չեն մտածել, որ կարող են Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրել՝ նկատի ունենալով նրա իշխանական թիմում ստեղծված ռեպրեսիվ իրավիճակը և ուժերի հզորությունը։

«Օրեր առաջ լսեցի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքը և շատ զարմացա, որ այսքանից հետո նա դեռ շարունակում է նույնաբովանդակ վարքագիծ դրսևորել «Մարտի 1»-ի գործում ունեցած դերի, առավել ևս՝ իրենց առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցած դերի վերաբերյալ։ Նա զարմացավ, որ քրեական պատասխանատվության է ենթարկվում ՀՀ երկրորդ նախագահը։ Սա խոսում է նրա մասին, որ տարիներն իրենց չեն փոխել, չեն փոխել նաև նրանց համոզմունքը, և պատկերացրեք, որ այդ պայմաններում մենք աշխատել ենք,  և շատերը գիտեն, թե ինչ դժվարությամբ ու դաժանությամբ ենք աշխատել»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող անձանց կողմից չորս անձանց՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար մեղադրվող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրանքների ուղարկումը դատարան շատ կարևոր էր։

«Սրանով բավարարված ենք այնքանով, որ Մարտի 1-ի առաջնորդների շրջանակը, որոնք վճռորոշ դեր են ունեցել դեպքերի կազմակերպման և մասնակցության առումով, 70 տոկոսով ամբողջացված է։ Այլ հարց է, որ այսօր սկսում են շահարկել 2008-2009 թվականների օրենսդրական փոփոխությունները, այստեղ ուզում եմ նկատել՝ օրենսդրական փոփոխություններն իր շահերին ծառայեցնելու՝ Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը։ 2005 թվականին, երբ հանրաքվեով ընդունվել է Սահմանադրությունը, չգիտես՝ ինչու, այնտեղ փոփոխություն են մտցրել և Սահմանադրություն են ներմուծել անձեռնմխելիության հոդվածը։

Սա խոսում է այն մասին, որ 2004 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Ազգային ժողովից ժողովրդի վրա կրակոցներ եղան, որի ժամանակ օգտագործվեցին արգելված զենքի տեսակներ, մարդիկ թունավորվեցին, Քոչարյանը պատասխանատվություն չկրեց։ Իր իշխանության տարիներին այդ դառը փորձից ելնելով և մտածելով, որ հետագայում կարող է ժողովրդի վրա կրկին ուժ կիրառել՝ Սահմանադրության մեջ մտցրեց անձեռնմխելիության կարգավիճակը»,- եզրափակեց Սեդա Սաֆարյանը։

Զվարթ Խաչատրյան

https://168.am

Առնչվող Հոդվածներ