Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է շատ դրական գործեր. Վանեցյան

«Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է և պարոն Քոչարյանը կարող է  դատի տալ և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն։

ԱԱԾ տնօրենը նշեց նաև, որ  քաղաքական հետապնդման որևէ հարց չկա:

«Մեր հաղորդագրությունը տեսել եք, առավել օբյեկտիվ ներկայացրել ենք: Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից», — ընդգծեց նա:

Ըստ Արթուր Վանեցյանի՝ քաղհայցը, որը ներկայացվել է իր դեմ, եղել է մամուլի ասուլիսի ժամանակ արած արտահայտության համար։

«Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ՝ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել: Այսինքն՝  ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես դա հերքել եմ», — նշեց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ դատական գործը գնում է, փաստաբանները աշխատում են:

Նա նաև նշեց, որ անմեղության կանխավարկած չի խախտվել։

Հարցին, այլ անձինք ներգրավված են այս գործում, Արթուր Վանեցյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ ծավալուն գործ  է,  սակայն մանրամասներ չի կարող հայտնել:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ ինքը Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։

«Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իհարկե իր գործունեության ընթացքում ունեցել է շատ դրական գործեր, ներդրում, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, որը նաև ծառայել է այդ տարիներիին, չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենալ այդ ընտանիքի հետ», — ասաց ԱԱԾ տնօրենը:

Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ հարցը չանձնավորեն։

Առնչվող Հոդվածներ