Արտակարգ դեպք/Պատահարներ

Ռուսական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն ու դրա հետևանքով առաջացած խուճապը:

Վերջերս որոշ ռուսական ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն տարածեցին Ապոֆիս կոչվող երկնաքարի մասին՝ գուժելով դրա մոտալուտ բախումը Երկիր մոլորակի հետ։

«Գիտնականները նշել են աշխարհի կործանման օրը», «Ապոկալիպսիսը մոտ է», «Բնակչության մեծ մասը կվերանա Երկրի երեսից», «Մարդկությանը մնացել է ապրելու 49 տարի․ Երկրին է մոտենում հսկայական աստերոիդ» վերնագրերով նյութերը մեծ աղմուկ բարձրացրեցին և նույնիսկ խուճապ առաջացրեցին շատ ընթերցողների մոտ։

Քանի որ Հայաստանում ևս քիչ չեն նման ռուսալեզու լրատվականներին հետևողները, արժե, թերևս, պարզաբանել, թե որտեղից է գալիս այս ապատեղեկատվությունը և ինչու չի համապատասխանում իրականությանը։

Եվ այսպես, Ապոֆիս անունը կրող աստերոիդը հայտնաբերվել է դեռևս 2004 թվականին։ Թեև Ապոֆիսի և Երկրի բախման մասին խոսակցություններ եղել են նաև նախկինում, այնուամենայնիվ, գիտնականների կողմից այդպիսի հավանականությունը գրեթե բացառվել է, և Ապոֆիսն իր պոտենցիալ վտանգավորությամբ ընդամենը հինգերորդն է այլ հայտնաբերված երկնաքարերի թվում։

ՆԱՍԱ-ի 2013 թվականի հաշվարկներով, Ապոֆիսի և Երկիր մոլորակի բախման հավանականությունը 0․0001% է, այսինքն՝ գրեթե անհնար։ Իսկ առավել թարմ տվյալներով, բախման հավանականությունը մոտ 0․000007% է։

Իհարկե, բոլորին քաջ ծանոթ են երկնաքարերի բախման մասին պատմող ապոկալիպտիկ ֆիլմերը և դրանցում պատկերվող ավերածությունները, սակայն իրականում, ի ուրախություն Երկիր մոլորակի բնակիչների, նման դժբախտության հավանականություն դեռևս չկա, ուստի վերոնշյալ հրապարակումները զուտ ապատեղեկատվություններ են՝ կայքերի դիտումներն ավելացնելու նպատակով։

Առնչվող Հոդվածներ