Տնտեսական

Ռուսական ընկերությունը $300 մլն-ի ներդրում կկատարի Հայաստանում:

«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ ռուսաստանյան «Էկոտեխպրոմ» ընկերությունը $285-340 մլն-ի ներդրումներով Հայաստանում արտադրական համալիր կկառուցի։ 

Ներդրումների եւ հետներդրումային սպասարկման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի ներկայությամբ։

Փաստաթուղթը ստորագրել են «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը եւ «Էկոտեխպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սոպինը։

Արտադրական համալիրը կզբաղեցնի շուրջ 100 հեկտար տարածք, բաղկացած կլինի 3 գործարանից, որտեղ կարտադրվի տեխնիկական եւ կերակրի աղ, կալցինացված սոդա, ապակիներ։ Նախատեսվում է ստեղծել շուրջ 1100 աշխատատեղ։

«Բիզնես պլանի համաձայն՝ նախագծային աշխատանքը կավարտվի 2019թ. դեկտեմբերին, համալիրի շինարարությունը կավարտվի 2022 թվականին. ամեն տարի շահագործման կհանձնվի գործարաններից մեկը։ Արտադրանքը հիմնականում արտահանվելու է»,- նշել է «Էկոտեխպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սոպինը։

«Սա մեր երկրում մեկ պատուհանով օտարերկրյա ներդրումների սպասարկման հաջող օրինակ է. Հայաստանը գրավել է ներդրողների ուշադրությունը հեղափոխությունից հետո, դիմել են կառավարություն, որտեղից էլ ներդրողներին ուղղորդել են Բիզնես Արմենիա հիմնադրամ։ Մեզ մոտ ամբողջական սպասարկում ստանալուց հետո այսօր ստորագրվեց պաշտոնական փաստաթուղթը, որին պետք է հետեւեն ներդրումները»,- նշել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Առնչվող Հոդվածներ