Պաշտոնական

Սամվել Բաբայանը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Մարդը քո ուսերին գալիս է իշխանության, հետո քեզ բանտերում պահում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Իգլա»-ի հայտնի քրեական գործով մեղադրյալ Սամվել Բաբայանը մինչեւ վերջ պայքարելու է արդարացման համար, ուստի համաներման մասին չի էլ ցանկանում կարծիք հայտնել. «Դա ինձ չի վերաբերում: Այն ժամանակ էլ եմ ասել, որ ինձ համաներում պետք չի: Ես գնալու եմ մինչեւ Եվրադատարան, մինչեւ արդարացում լինի»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նա:

Բաբայանը նշեց. «Առաջին օրը հեռուստատեսությամբ հայտարարվեց, թե ես «Իգլա» եմ բերել, բայց այն չկա: Ես պահանջելու եմ, տեսնեմ՝ այդ ո՞վ է բերել, ո՞ւր է»:

Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, Բաբայանը վստահեցրեց. «Ես ընդամենը ստացել եմ այն հինգ հազար դոլարը, որը պարտք են եղել ինձ, եւ իրենք շատ լավ դա գիտեն, դատարանում էլ կհաստատվի դա»:

Իսկ թե ով էր իր դեմ քրեական գործի պատվիրատուն, Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ մեկ անգամ դատարանում հայտնել է այդ մասին՝ ասելով, որ այս երկրում մեկ մարդ է հարցեր լուծում, նա էլ պատվիրատուն է: Այդ ժամանակ լրագրողը ճշտող հարց էր ուղղել՝ «Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք»: Բաբայանը պատասխանել էլ՝ «դուք ինքներդ ասացիք անունը»: Այսօր էլ Սամվել Բաբայանն ընդգծեց. «Ես անուն-ազգանուն չեմ տալիս: Երբ մարդը քո ուսերին գալիս է իշխանության, հետո սկսում քեզ բանտերում պահել…ի՞նչ կա չհասկանալու»:

Սամվել Բաբայանը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանն իր հետ կապ հաստատելու փորձ չի արել այս ընթացքում. բացառություն է դեպքը, երբ իրեն առաջարկել են ազատության դիմաց դատապարտել ժողովրդական շարժումը:

Նա քաղաքականության մեջ մտնել չի պատրաստվում, որեւէ ուժի չի սատարելու արտահերթ ԱԺ ընտրություններում, այլ հետեւելու է զարգացումներին: Իսկ թե ինչ հարաբերություններ ունի ՀՀ նոր իշխանությունների հետ, Բաբայանը հայտնեց. «Բոլորին նորմալ եմ վերաբերվում: Ես միշտ բոլորի հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, բացի մեկից»: Հիշեցնենք, որ «Իգլա»-ի գործով դատավարությունն այսօրվանից սկսվելու է զրոյից, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանն ամիսներ առաջ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը:

Սամվել Բաբայանը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Մարդը քո ուսերին գալիս է իշխանության, հետո քեզ բանտերում պահում»:

Սամվել Բաբայանը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Մարդը քո ուսերին գալիս է իշխանության, հետո քեզ բանտերում պահում»:

Gepostet von newsday.am am Samstag, 24. November 2018

Առնչվող Հոդվածներ