Պաշտոնական

Սամվել Ղումաշյանն ազատվելու է տեղակալի պաշտոնից. Ավան վարչական շրջանի ղեկավարը՝ իր տեղակալին ուղղված մեղադրանքներին ի պատասխան

Կա հարուցված քրեական գործ, և որքանով տեղեկացված եմ՝ վճիռը կայացված է: Այս մասին Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը՝ անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարություններին՝ ուղղված իր տեղակալ Սամվել Ղումաշյանին:

«Ղումաշյանի նման էլի անձնավորություններ կան, այդտեղ միայն Ղումաշյանը չէ»,-ասաց նա և նշեց, որ այդ պաշտոնում Ղումաշյանի մնալը, ինչպես քաղաքապետը նշեց, պայմանավորված էր հանձնում-ընդունումով:

«Հանձնման-ընդունման պահը համարյա ավարտված է: Ես չեմ ասում, որ պարոն Խաժակյանը սխալ մտքեր է արտահայտել»,-ասաց նա և նշեց, որ չի պատրաստվում աշխատել Ղումաշյանի հետ, նա ազատվելու է աշխատանքից:

«Խոսակցություններ կան, ինչպես որ Ղումաշյանի դեպքում է, մյուսների հետ կապված էլ նման կան խոսակցություններ նույն թեմայով, որ էլի ծեծերի են մասնակցել, բայց մինչև հիմա ոչ մի փաստ չեն բերել»,-ասաց Արա Դանիելյանը և նշեց, որ եթե հիմք ունենա, կազատի նրանց, իսկ առանց հիմքի շատ դժվար է համայնքային ծառայողին ազատել:

Նա նշեց, որ Ղումաշյանի դեպքում ևս հիմքեր չկան, կան խոսակցություններ, և կա հարուցված քրեական գործ: Արա Դանիելյանը նշեց, որ Ղումաշյանը հրաժարվում է իրեն ուղղված մեղադրանքներից:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Սամվել Ղումաշյանի պարագայում կան կադրեր, ապացույցներ, Ավան վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ միայն մեկ լուսանկար է տեսել՝ իր տան մոտ կանգնած:

«Իմ համոզվելու համար ժամանակ էր պետք, իմ ցանկությամբ չէ նրան ազատելը, այնքան բան կար նրա փորձից, որ ինձ պետք էր»,-ասաց համայնքի ղեկավարը:

Առնչվող Հոդվածներ