Քաղաքականություն

Սասուն Միքայելյանն արտահայտել է այն, ինչը հանդիսանում է իշխանության քաղաքական նպատակը. Շահնազարյան

ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը Սասուն Միքայելյանի երեկվա աղմկոտ հայտարարությունը համարում է այն ծրագիրը, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նա ասել է այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այսինքն՝ իշխանություն Արցախի փոխարեն։ Սասուն Միքայելյանն արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»,- ասաց Շահնազարյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում ավելի համոզիչ փաստարկներ կներկայացնի այդ թեմայի շուրջ։

Սասուն Միքայելյանը երեկ Շիրակի մարզում հայտարարել էր. «Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան՝ արցախյան ազատամարտը: Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»:

Այնուհետեւ Շահնազարյանն անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին՝ ասաց. «Որեւէ ստահակ թող չպնդի, որ Մանվել Գրիգորյանը պահածո է գողացել: Ընդհանրապես, որեւէ մեղադրանք, քանի դեռ դատարանով ապացուցված չէ, որեւէ մեկը թող չփորձի հնչեցնել»,- ասաց նա։

Դավիթ Շահնազարյանն ասաց, թե Մանվել Գրիգորյանը հայրենիքի առջեւ այնքան ծառայություներ է մատուցել, որ իրավունք ունի արդար դատական քննության։

«Որովհետեւ նրա՝ հայրենիքին մատուցած ծառայությունները այնքան շատ են, որ այսօրվա ողջ կառավարությունը իրար հետ վերցրած դրա կեսն էլ չի արել»,- նշեց Շահնազարյանը։

Առնչվող Հոդվածներ