Հասարակություն

Սկսում եմ վախենալ մեր քաղաքացիների ապագայի համար. Թոշակառու կինն այլևս չի հավատում Փաշինյանին:

Այսօր՝ հունվարի 22-ին, Analitik.am-ի հետ կապ հաստատեց Երևանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցի նախկին ուսուցչուհի Լյուդմիլա Ահարոնյանը, ով ասաց, որ ներկա իշխանության ներկայացուցիչները նախկինների շարունակությունն են. «Երկար ժամանակ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է թոշակների բարձրացման մասին, բայց արդեն 9 ամիս է անցել նրա վարչապետ դառնալուց հետո  ու դեռ ոչ մի դրական տեղաշարժ չկա: Նորից հների խաղերն են, գոնե այն ժամանակ սուտ խոստումներ չէին տալիս ու գիտեինք՝  ինչքան ենք ստանում և ինչի համար: Հիմա, երբ ամիսներ շարունակ խոսվում էր թոշակների մասին ու ոչինչ չէր ձեռնարկում տված խոստումները կյանքի կոչելու համար, ցանկանում եմ ասել, որ ժողովուրդը մեղք է, ու պետք չէ ավելի մեծ թափով հիասթափեցնել»:

Տիկին Ահարոնյանը նշեց նաև, որ տարիներ շարունակ իր գործը բարեխիղճ կատարելուց հետո նման խաբեությունն ուղղակի ամոթալի է. «Ես երկար ժամանակ կրթել ու սերունդ եմ ճանապարհել, մեր վարչապետն էլ այդ սերունդներից մեկն է եղել ու հիմա զարմանալի է, որ նա չի գնահատում ուսուցչի աշխատանքը և դրան գումարած խաբում է: Թող չասեր, չբարձրաձայներ թոշակների բարձրացման հարցը, որ մարդիկ հուսախաբ չլինեին ու չհիասթափվեին: Սկզբից մտածում էինք նոր է, ժամանակի ընթացքում իր տված խոստումները կյանքի կկոչի, բայց հիմա ավելի քան վստահ եմ, որ նա ուղղակի շարունակում է նախկին իշխանության արարքներն ու ավելի վատ բաներ է պատրաստվում անել»:

Տիկին Ահարոնյանի կարծիքով, 9 ամիս անընդհատ խաբված ժողովուրդը էլ չի հավատում վարչապետի խոսքերին. «Մենք էլ չենք հավատում վարչապետին ու իր թիմում ընդգրկված մնացած անդամներին: Ես ավելի վատ բաների եմ սպասում վարչապետի կողմից ու արդեն սկսում եմ վախենալ մեր քաղաքացիների ապագայի ու ճակատագրի համար: Սկզբից խաբեության միջոցով հասավ իր ուզած աթոռին, հետո խաբեության միջոցով ԱԺ-ն ցրեց, որ իր ուզած մարդկանց նշանակի՞, լավ մինչև ո՞ւր: Հիմա էլ ասում է՝ նոր ԱԺ-ի ընտրվելուց հետո ամեն ինչ կկարգավորվի: Կկարգավորվի, թե ավելի կվատանա, սա դեռ հարց է»:

Օֆելի Իսրայելյան

Առնչվող Հոդվածներ