Արտակարգ դեպք/Պատահարներ

Ստրասբուրգում հրաձգությունից հետո անվտանգության միջոցառումները Ֆրանսիայում ուժեղացվել են:

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հրաձգությունից հետո անվտանգության միջոցառումները ուժեղացվել են: Հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 12-ը վիրավոր է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները տեղեկացրել է, որ դեռևս չի հաջողվել գտնել հանցագործին. նա փախուստի մեջ է և շարունակում է վտանգ ներկայացնել հասարակության համար: «Կառավարությունն ուժեղացրել է սահմանային վերահսկողությունը, սպառնալիքի մակարդակը՝ հասցրել առավելագույն աստիճանի: Մենք կուժեղացնենք անվվտանգությունը բոլոր ծննդյան տոնավաճառներում՝ նման հարձակումները կանխելու համար»,- ասել է Կաստաները:

Ոստիկանությանը հաջողվել է պարզել հրաձիգի ինքնությունը. նա 29-ամյա Շերիֆ Շեքաթն է: Հայտնի է, որ նա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել՝ որպես պոտենցիալ վտանգավոր սուբյեկտ: Տղամարդու արարքի շարժառիթները դեռևս հայտնի չեն, ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլան Ռիսը դեկտեմբերի 12-ը սգո օր է հայտարարել. բոլոր տոնավաճառները քաղաքում փակ կլինեն, մշակութային միջոցառումները կչեղարկվեն: Նշենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ի երեկոյան: Տղամարդը կրակ է բացել ծննդյան տոնավաճառի այցելուների ուղղությամբ: Իրավապահները վիրավորել են հրաձիգին, սակայն նրան հաջողվել է փախուստի դիմել:

Առնչվող Հոդվածներ