Առողջություն/Բժշկություն

Սրտի իշեմիկ հիվանդությունը կարող է հանգեցնել կոգնիտիվ ֆունկցիաների նվազեցման. հետազոտություն

Սրտի իշեմիկ հիվանդությամբ մարդիկ ենթակա են կոգնիտիվ ֆունկցիաների նվազման մեծ հավանականության: Այս մասին նշված է Journalof the American College of Cardiology-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության համաձայն՝ պացիենտների կոգնիտիվ թեստերի, ներառյալ բանավոր հիշողությունը եւ ժամանակի մեջ կողմնորոշումը, գնահատականներն ավելի արագ են նվազել իշեմիկ հիվանդության ախտորոշումից հետո, քան նախքան դա: Գիտնականների խոսքով՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ սիրտն ու ուղեղը փոխկապակցված են:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կապ կա կաթվածի եւ կոգնիտիվ ֆունկցիաների նվազման միջեւ: Իսկ նոր հետազոտությամբ պարզվել է, որ սրտի իշեմիկ հիվանդությունը նույնպես ազդում է մարդկանց ուղեղի վրա, անգամ եթե նրանք կաթված չեն տարել:

Գիտնականները 12 տարի հետազոտել են 50-ն անց 7888 մարդկանց: Նրանցից 5,6 տոկոսի մոտ այս ժամանակամիջոցում ախտորոշվել է սրտամկանի կաթված կամ ստենոկարդիա, որոնք առաջացել են իշեմիկ հիվանդության հետեւանքով: Այս նույն պացիենտների շրջանում դիտվել է կոգնիտիվ ֆունկցիաների ավելի արագ նվազում: Հետաքրքիր է, որ կաթված տարած պացիենտների դեպքում դա զգալիորեն ավելի արագ է տեղի ունեցել, քան ստենոկարդիայով պացիենտների:

Կարծիք կա, որ սիրտ-անոթային հիվանդությունները ուղեղի վրա ազդում են մի քանի միջոցներով, այդ թվում՝ կարող են ներգործել մանր արյունատար անոթների վրա՝ խախտելով թթվածնի մատակարարումը ուղեղի հատվածներ: Իրենց դերակատարումը կարող են ունենալ նաեւ ուղեղի ու սրտի համար ընդհանուր ռիսկի գործոնները, ինչպես՝ ճարպակալումը, դիաբետը եւ բարձր զարկերակային ճնշումը:

Անչափ կարեւոր է հասկանալ սրտի հիվանդությունների եւ ուղեղի ֆունկցիաների միջեւ կապը. հաշվի առնելով աշխարհում, նաեւ Հայաստանում սրտի իշեմիկ հիվանդության տարածվածությունը՝ մասնագետները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն այդպիսի պացիենտների կոգնիտիվ ֆունկցիաների պահպանմանը, որպեսզի ապագայում նրանց մոտ ուղեղի խնդիրները չվերաճեն դեմենցիայի:

Առնչվող Հոդվածներ