Քաղաքականություն

Վաղուց եմ համակրել ՀՀԿ-ի գաղափարախոսությանը. Առաքել Միրզոյան:

Ծանրամարտիկ Առաքել Միրզոյանն իր ֆեյսբուքյան գրառումը չի ջնջել: Այս մասին, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Առաքել Միրզոյանը: Հիշեցնեք, որ օրերս ծանրամարտիկ, Եվրոպայի 2009 թվականի չեմպիոն Առաքել Միրզոյանը ֆեյեսբուքի իր էջերում գրառում էր կատարել Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերն ընդգրկվելու վերաբերյալ: «Ես՝ Առաքել Միրզոյանս, անսալով նախնիներիս հայրենասեր ոգու կանչին և հավատալով պայծառ ապագա ստեղծելու հանրապետական գաղափարախոսությանը, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունվեցի Հանրապետական կուսակցության շարքերը՝ լիահույս, որ իմ համեստ ներկայությամբ կօգնեմ հայրենիքիս, կմասնակցեմ ժողովրդիս երազանքները իրագործելու արդար գործին»,- գրել էր ծանրամարտիկը:

Սույն գրառմանը հաջորդեցին որոշակի քննադատություններ: Հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Առաքել Միրզոյանը քննադատություններից հետո հեռացրել է այդ գրառումը:
«Կարծում եմ ԶԼՄ-ներն ազատ են իրենց արտահայտվելու մեջ: Այն, որ համալրել եմ ՀՀԿ-ին, դա իմ խորին համոզմունքներով էր, ինչ վերաբերում է գրառմանս, ես այն չեմ հեռացրել, մինչեւ օրս էլ այն պահպանվում է, եւ որեւէ րոպե չի հեռացվել իմ էջից, հավանաբար ուշադիր չեն եղել, եւ վրիպում է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Առաքել Միրզոյանը: Ըստ նրա՝ ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշումն եղել է զուտ գաղափարական ընտրություն: Միրզոյանի խոսքով՝ ինքը վաղուց է համակրել ՀՀԿ-ի գաղափարախոսությունը: «Հանրապետական կուսակցությունը միշտ ունեցել է երկրի զարգացման հստակ եւ իրականանալի տեսլական, որը կմիավորի համայն հայությանը՝ պահպանելով ու զարգացնելով ավանդույթները»,- նշեց Առաքել Միրզոյանը: «Մինչեւ կուսակցական դառնալս ես փորձել եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել մարդկանց ինչով կարող եմ»,- նշեց ծանրամարտիկը՝ հավելելով, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ուժերի ներածին չափով օգնի կուսակցությանը եւ ժողովրդին:
Իսկ ներկայումս Առաքել Միրզոյանը զբաղված է իր սպորտով: «Այժմ զբաղված եմ իմ սպորտով, մեծ ցանկություն ունեմ վիրահատությունից հետո մասնակցել ապրիլին կայանալիք եվրոպայի առաջնությանը եւ օլիմպիական խաղերին, եթե, իհարկե, վնասվածք չունենամ կրկին»: Իսկ հարցին, թե ցանկություն ունեք պատգամավոր դառնալու, Միրզոյանը նշեց, թե այդ մասին խոսելը դեռ վաղ է: «Քանի, որ այս պահին մեկ այլ առաջադրանք ունեմ` լավագույնս կարողանամ պատրաստվել օլիմպիական խաղերին»,- ասաց ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը:

Առնչվող Հոդվածներ