Պաշտոնական

Վերջին մոտ 10 ամիսներին ՀՀ բնակության է տեղափոխվել մոտ 500 ընտանիք. փորձագետի խոսքով՝ հայրենադարձության համար ժամանակ և լուրջ աշխատանք է պետք երկրի ներսում:

Վերջին մոտ 10 ամիսներին՝ 2018 թ. մայիսից ՀՀ բնակության տեղափոխվելու համար Սփյուռքի նախարարություն դիմել, հաշվառվել, օգնություն ու խորհրդատվություն են ստացել մոտ 500 ընտանիք: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից:

Հայաստան բնակության են տեղափոխվել ինչպես դասական սփյուռքից, այնպես էլ վերջին տասնամյակներում ձևավորված նոր համայնքներից: Ընդ որում, կան ընտանիքներ, որոնք դեռևս ամբողջ կազմով Հայրենիք վերադարձի և վերամիավորման գործընթացի մեջ են:

«Հայրենադարձներին և վերադարձողներին Սփյուռքի նախարարության կողմից տրամադրվել է իրավական աջակցություն, աշխատանքի, կրթական հաստատություններում, մանկապարտեզներում երեխաներին տեղավորելու, առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված աջակցություն և այլն»,- նշում են Սփյուռքի նախարարությունից:

Հայրենադարձ ընտանիքների մեծ մասը ներկայումս բնակվում են Երևանում, որոշ մասը մարզերում՝ Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի: Հայրենադարձ ընտանիքները ներկայացնում են մեծ աշխարհագրություն՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ երկրներ, Լիբանան, Սիրիա, Իրան, Արգենտինա, Կանադա և այլն:

Հիշեցնենք, որ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնավարման առաջին օրը հայտարարել էր մեծ ներգաղթ և հայրենադարձություն իրականացնելու նպատակի մասին. «Միլիոնավոր հայերի մեծ հայրենադարձություն կազմակերպելը շատ իրատեսական է, սակայն դա ժամանակ ու եռանդուն ամենօրյա ռեժիմով աշխատանք է պահանջում»,- ասել էր նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մայիսի 13 Սոչիում հայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ նոր կառավարության նպատակը մեծ հայրենադարձությունն է: Իսկ Արցախ կատարած առաջին այցին վարչապետը հայտարարել էր. «Ես հասկանում եմ, որ հայրենադարձությունը մեկ օրում կայացվող և իրագործվող որոշում չէ, բայց ես  կարծում եմ, որ մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ առաջնայինը:

Ժողովրդագիր Արտակ Մարկոսյանի խոսքով՝ նվազագույնը 3-4 տարի ժամանակ է պետք, որպեսզի արտերկրում ապրող հայերը հասկանան՝ ինչպես են գործընթացները զարգանալու Հայաստանում. «Հայրենադարձությունը չէր կարող միանգամից լինել, դրա համար ժամանակ է պետք, գոնե 3-4 տարի պետք է սպասել:

Հեշտ չէ, որ այնտեղ հաստատված մարդը միանգամից որոշում կայացնի և վերադառնա Հայաստան»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ 2018 թ. մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» կարող է նպաստել վերադառնալու որոշում կայացնելու հարցում, բայց միայն քաղաքական փոփոխությունները բավարար չեն: Ըստ նրա՝ շատ կարևոր է տնտեսական զարգացման տեմպերը: Այս առումով հաջողությունները գրանցելու դեպքում, արտերկրում ապրող հայերն ավելի կարագացնեն իրենց վերադարձի որոշումը:

«Քաղաքական փոփոխությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացում, բիզնես խոչընդոտների վերացում, այս տեսանկյունից կարող է նպաստել, բայց միանգամից դա չի կարող տեղի ունենալ, դրա համար ժամանակ է պետք և լուրջ աշխատանք երկրի ներսում: Հիմա պետք է տնտեսական զարգացում լինի ՀՀ-ում: Մարդիկ պետք է լսեն լավ պատմություններ, լավ ազդակներ պետք է գնան: Կարծում եմ՝ 27 տարվա իրավիճակից հետո չի կարող մի քանի ամսում այստեղ լավ լինել: Հասկանալի է նաև, թե մենք ինչ տարածաշրջանում ենք գտնվում, ոչ ոք չի կարող ասել՝ վաղը ինչ տեղի կունենա»,- նշեց փորձագետը:

Արտակ Մարկոսյանը նաև նշում է, որ պետք է նոր կառավարությունը լուրջ, խորքային հետազոտություններ իրականացնի սփյուռքում ՝ հասկանալու համար՝ ովքեր, որտեղից պետք է գան: Նրա խոսքով՝ գոյություն ունի հին կամ դասական սփյուռք, որը ձևավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո, և կան 1980-ականներից հետո արտագաղթած հայեր:

«Ցավոք, նախորդ 10 տարիներին Սփյուռքի նախարարությունը գոնե մեկ լուրջ հետազոտություն սփյուռքում չի անկացրել: Եթե կարդաք իրենց իրականացրած հետազոտությունները և տեսնեք ինչ գումարներ են ծախսվել դրանց վրա, ուղղակի կզարմանաք: Նույնիսկ չկան տվյալներ, թե որտեղ ինչ համայնքներ կան, ինչքան գնացած հայեր կան: Կարելի էր գոնե 10 տարվա ընթացքում պատկեր ունենալ սփյուռքի: Հիմա պետք է մի քանի լուրջ հետազոտություններ անցկացվեն»,- նկատեց նա:

Ժողովրդագիրը հայրենադարձությունից ավելի կարևոր է համարում այն, որ արտագաղթի տեմպերն են նվազում: Մասնավորապես, 2017 թ. 13 600-ի համեմատ, 2018 թ. ՀՀ բնակչությունը պակասել է 7600-ով:

«Դրական դինամիկան կա, կարծում եմ՝ այս տարի նույնիսկ միգրացիոն սալտոն դրական կլինի: Այսինքն՝ բնական աճի և միգրացիոն սալտոյի արդյունքում մենք կունենանք բնակչության հավելաճ: Ավելի կարևոր է, որ մարդիկ Հայաստանից չհեռանալու որոշում կայացնեն, քան վերադառնան»,- ասաց Արտակ Մարկոսյանը:

Հակոբ Ասլանյան

tert.am

Առնչվող Հոդվածներ