Քաղաքականություն

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է երկկողմ բանավեճի:

ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին հրավիրել է առանձին երկկողմ բանավեճի։

Այս մասին Վիգեն Սարգսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է՝ ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհիկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ «ՀՀԿ – Իմ քայլը ձևաչափով»` 1-ին համարների մակարդակով:

Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողությանը»,– գրառման մեջ նշում է Վիգեն Սարգսյանը։

Առնչվող Հոդվածներ