Պաշտոնական

Վիճակը գնահատվում է միջին ծանրության, բայց եթե դեկոմպենսացիան խորանա, կյանքին վտանգ կսպառնա. «Նաիրի» ԲԿ-ի տնօրենը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանը հոսպիտալացվել է Նաիրի ԲԿ-ում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

«Երեկ բժշկական կոնսիլիումը որոշեց, որ Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժման կարիք ունի բազմապրոֆիլ հիվանդանոցում, որովհետև նրա մոտ խրոնիկական հիվանդություններից մեկում դեկոմպենսացիա էր առաջացել: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը որոշեց, որ բուժումն անցկացվի մեր հիվանդանոցում, և Մանվել Գրիգորյանին հոսպիտալացրին ստացիոնար բուժման համար»,-ասաց ԲԿ-ի տնօրենը և չնշեց, թե կոնկրետ որ հիվանդությունն էր սրացել` ասելով, որ դա բժշկական գաղտնիք է:

«Վիճակը գնահատում ենք միջին ծանրության, և պարզ է, որ նա լուրջ բուժման կարիք ունի»,-նշեց նա և հավելել, որ ամեն դեպքում կարիք չկա դրսում բուժում անցնելու, քանի որ այդ հիվանդությունը խրոնիկ է և ամբողջ կյանքում բուժման կարիք կլինի:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ սպառնում է, նա ասաց, որ եթե դեկոմպենսացիան խորանա` այո: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կալանավորումն ազդո՞ւմ է  առողջական վիճակի վրա և կարո՞ղ է հիվանդության խորացման պատճառ դառնալ, Անատոլի Գնունին ասաց, որ չի ցանկանում այդ հարցը մեկնաբանել, քանի որ դա իր խնդիրը չէ:

Ամեն դեպքում, նա ավելացրեց, որ քրեակատարողական հիմնարկը ոչ մի խոչընդոտ չի առաջացնում, նրանց որոշմամբ է Մանվել Գրիգորյանը հոսպիտալացվել:

Հայտնենք նաև, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:

Առնչվող Հոդվածներ