Հասարակություն

Տոկիոյի աճուրդում թունա ձուկը վաճառվել է մոտ 3,1 մլն դոլարով (Լուսանկար):

Ճապոնիայում 278 կգ կշռող թունա ձուկը մայրաքաղաք Տոկիոյում ձկան շուկայում կայացած՝ տարվա առաջին աճուրդում վաճառվել է ռեկորդային մոտ 3,1 մլն դոլարով, գրում է The Guardian-ը: Գնորդը ճապոնական հանրահայտ «Սուշի Զանմայ» ռեստորանային ցանցն է:

«Մենք ինքներս զարմացած ենք ձկան գնից և շատ ուրախ ենք, որ կարողացանք ձեռք բերել լավագույն թունա ձուկը: Յուրաքանչյուր հաճախորդի կհասնի ձկան ընդամենը մեկ բաժին, սակայն  հենց այսօրվանից այն հասանելի կլինի մեր ռեստորաններում՝ թունա ձկան սովորական գնով»,- ասվում է ռեստորանային ցանցի թվիթերյան գրառման մեջ:

Անցած տարվա հոկտեմբերին բացված Տոյոսու ձկան շուկայի համար սա առաջին աճուրդ է: Մինչ այժմ ռեկորդային էր համարվում 2013թ.-ին Ցուկաձի ձկան շուկայում մոտ 1,8 մլն դոլարով վաճառված 200-կիլոգրամանոց թունա ձկան գինը:

Թունա ձկան Ամանորյա առաջին աճուրդը սովորաբար մեծ ուշադրություն է գրավում, քանի որ այն ոչ պաշտոնապես համարվում է տնտեսության վիճակի ցուցիչ և գալիք տարվա կանխատեսում. որքան բարձր է ամենաթանկ թունայի գինը, այնքան ավելի հաջող կլինի տարին երկրի տնտեսության համար:

Առնչվող Հոդվածներ