Արտակարգ դեպք/Պատահարներ

Ցմահ դատապարտյալ Արամ Խաչիկյանը հացադուլ է սկսել. պահանջում է գործը վերանայել:

2006 թվականից սպանության համար ցմահ դատապարտված Արամ Խաչիկյանն այսօրվանից հացադուլ է սկսել՝ պահանջելով վերանայել վճիռը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Խաչիկյանը եղբայրը՝ Սեպուհ Խաչիկյանը:

Վերջինս նշեց, որ խանդի հողի վրա կատարված սպանություն է եղել, որն արժանի չէ ցմահ դատապարտվելու: «Երբ եղբայրս իմացել է կնոջ դավաճանության մասին, գնացել է կնոջ տուն՝ նրան սպանելու նպատակով, բայց կնոջ տատն է դուռը բացել, ու եղբայրս էլ խիստ հուզմունքի տակ, ինչպես որ հոգեբուժարանն է հաստատել, կնոջը սպանելու փոխարեն տատիկին է սպանել դանակի 40 հարվածով»,- պատմեց դատապարտյալի եղբայրը՝ նշելով, որ մինչև օրս եղբայրը չի ընդունում իր մեղքը, չի ընդունում նաև, որ իրեն ցմահ են դատապարտել, և նա զղջում է:

Սեպուհ Խաչիկյանի փոխանցմամբ՝ իշխանափոխությունից հետո թե՛ ինքը, թե՛ եղբայրը ոգևորված սպասում են, որ ինչ-որ բան պետք է փոխվի: Դատապարտյալը հանդիպում է խնդրել նաև արդարադատության նախարարի հետ, բայց մերժվել է: Այլ պատասխանատու անձանց հետ է խոսել, բայց բոլորի պատասխանը նույնն է. «Սպասեք, գուցե, ինչ-որ բան փոխվի»:

«Հացադուլ է սկսել, որ իր ձայնն ավելի բարձր լինի, որ գործը վերանայվի: Կարծեմ, ինչ-որ ինստիտուտ պետք է ստեղծվեր՝ ցմահ դատապարտյալների գործը վերանայելու: Ես անգամ փոխնախարարի մոտ եմ մտել: Ասաց, որ դա դեռ հաստատ չէ, զուտ նախագիծ է»:

Աննա Կոստանյան

Առնչվող Հոդվածներ