Տնտեսական

Փաշինյանը ԿԲ-ի հետ ծրագրերում «կոնկրետ լուծումներ» է ակնկալում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության եւ Կենտրոնական բանկի համագործակցության ամենակարեւոր եւ հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է:

«Մարդիկ, ում կյանքը բարելավելը եւ ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության եւ Կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է: Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման, իրագործման փուլում են, եւ իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են: Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ԿԲ-ում կազմակերպված տարեմուտի ընդունելությանը:

Նա ընդգծել է, որ այս ընթացքում քննարկումներ են եղել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ եւ ձեւավորվել է օրակարգ, կոնկրետ հարցեր, որոնց լուծումները պետք է բերեն հռչակած նպատակների իրագործմանը:

«Համոզված եմ, որ 2019 թվականին այս տրամաբանությունը նոր թափ եւ ուժ է ստանալու: Բոլոր առումներով 2018 թվականի համար նախատեսված գործերն արված են, եւ, հետեւաբար, 2019 թվականը հենց առաջին աշխատանքային օրից կարող ենք սկսել նոր թափով, նոր էներգիայով, նոր օրակարգով: Հույս ունեմ, որ Հայաստանի բանկային համակարգը կկարողանա աջակից եւ նեցուկ լինել պետական եւ ժողովրդական այդ հավակնությունների, նպատակների, իղձերի իրականացմանը»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Առնչվող Հոդվածներ