Հասարակություն

Փաշինյանը հանդիպեց «Ղեկը աջ» նախաձեռնության՝ Վրաստանի ճանապարհը փակած անդամների հետ:

«Դուք, իմանալով, որ արգելված է Հայաստան ներկրելը, ավտոները բերել եք, ասում եք՝ չէ, պիտի թողեք ներս մտնենք»,- այսօր Վրաստանի ճանապարհը փակած և իրենց բերած աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել փորձող վարորդներին մոտենալուց հետո ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

Մեքենաների տերերը հակադարձեցին, որ այդ արգելքը ժամանակավոր է եղել, ու այդ արգելքը հանելուն կողմ է եղել նաև ինքը՝ Փաշինյանը։ Վերջինս պատասխանեց, որ չնայած դրան՝ դա գործող որոշում է։

«Երկրորդ խնդիրը․ եկե՛ք մի հատ նայենք օբյեկտիվ։ Ենթադրենք, հանրապետությունում մեկ էլ X պահի պարզվում է, որ աջ ղեկով մեքենաների թիվն ավելի շատ է, քան ձախ ղեկովը ։ Ի՞նչ ենք անելու։ Այդ երթևեկության ընդհանուր տրամաբանությունը փոխելը միլիարդների ծախս է նստելու պետության վրա»,- նշեց Փաշինյանը։

Նրան հակադարձեցին, որ իրենց բերած մեքենաները 800-1000 հատ են ընդամենը, և իրենք այդքանի համար են խնդրում թողնել։ Փաշինյանը հարցրեց՝ ո՞րն է երաշխիքը, որ ուրիշներն էլ չեն բերի այդ մեքենաներից ու պահանջեն, որ իրենցն էլ թույլատրեն։ Վարորդները խնդրեցին ժամանակ սահմանել, քանի որ Մաքսային ծառայության պատին փակցված հայտարարությունից իրենք ենթադրել են, որ մինչև հոկտեմբերի 1-ը կարելի է ներմուծել, ու արդեն բերված մեքենաներն ամիսներ շարունակ չեն կարողանում անցնել սահմանը։

Առնչվող Հոդվածներ