Պաշտոնական

Փաշինյանի թոփ 3 խոստում, որն այդպես էլ մնացին օդում

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան քաղաքական լուրջ փոփոխություններ։ Տրամաբանորեն այդ փոփոխությունները չպետք է լինեին միայն անվանական։ Սակայն հասարակության համար այդ փոփոխությունները եղան բացառապես անվանական։ Եթե ռեալ նայենք, ապա իշխանափոխությունից հետո Հայաստանում էապես փոխվեց 2 բան․ մենք վերջապես ունեցանք նոր տոնածառ և մի որոշ ժամանակահատված էժանացավ բանանը։

Եղան մարդիկ, ովքեր հրապարակում ցույցերին մասնակցում էին, քանի որ Փաշինյանն ասել էր, որ տույժ-տուգանքները «ջրելու է»։ Այդ օրերից, խոստումներից անցել է արդեն 8-9 ամիս։ NEWSPRESS.am-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի 3 խոստում, որոնք այդպես էլ մնացին օդում։

1․ «Իշխանության կազմում օլիգարխներ չեն լինելու»

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ նոր իշխանության կազմում օլիգարխներ չեն լինելու։

Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում օլիգարխ․ օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստ է, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։ Արդեն հիմա, ուսումնասիրելով նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների անուններն ու հայտարարագրերը, պարզ է դառնում, որ ոչ միայն Ազգային ժողովում կլինեն օլիգարխներ, այլ նաև որոշ այլ նախկին օլիգարխների հովանավորչությամբ են ներկաները մանդատ ստացել:

Այս առումով, փաստորեն, Փաշինյանը խոստումը չպահեց։

2․ «Քավոր-սանիկ, մոտ ազգականներ չեն լինելու իշխանությունում»

Դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է բոլոր այն դեպքերը, երբ պաշտոնյաների բարեկամները դառնում էին պատգամավորներ, մարզպետեր ու ստանում էին այլ բարձր պաշտոններ։ Քննադատության թիրախում հայտնվեցին շատերը։ Առավել սուր քննադատության արժանացավ ժամանակին Տարոն Մարգարյանը, ում աներորդի Ռոբերտ Սարգսյանը դարձավ պատգամավոր։ Եվ ահա «հեղափոխված» Հայաստանում պատգամավոր է ընտրվել ոչ ավել, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ի դեպ, կրկին օլիգարխի ընտրական «քավորությամբ»։

Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է: Թերևս այսքանը:

Ծանոթ-բարեկամի պաշտոն բաժանելու ամենամեծ դեպքն էլ եղավ Սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը պաշտոն էր բաժանում իր ընկերներին, կուրսեցիներին ու ակտիվիստ ծանոթներին։

Հետո Երևանի քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանն ու սկսեց իր ծանոթներին նշանակել քաղաքապետարանի տարբեր պաշտոններում ու Երևանի վարչական տարբեր շրջանների ղեկավարներ․․․ ու որ ամենակարևորն է՝ Փաշինյանը աչք փակեց այդ ամենի վրա․․․

Իհարկե, սրանք եզակի դեպքեր չեն և դեռևս առիթ կլինի անդրադառնալ թեմային, սակայն առայժմ բավարարվենք սրանով ու պարզապես արձանագրենք, որ Փաշինյանն այս խոստումը ևս չպահեց։

3․ «Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով, ըստ էության, բացահայտված է»

Օգոստոսի 17-ին, երբ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ամփոփում էր իր կառավարության 100 օրը, նա հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է։

Հրապարակը ծափահարեց (ինչպես դա վերջին ամիսների ընթացքում, սովորաբար, լինում է Փաշինյանի ցանկացած հայտարարությունից հետո), բայց եթե հիմա նույն այդ ծափահարողների հարցնենք, թե ովքեր սպանեցին 10 զոհերին, ո՞ւմ հրամանով և ո՞վ կրակեց զինծառայող Տիգրան Աբգարյանի վրա, ապա երկուսից մեկը՝ կա՛մ պարզապես մտազբաղ տեսքով կլռեն, կա՛մ կասեն, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր․․․ Քոչարյանի մեղավորությունը դեռ կապացուցի կամ չի էլ կարողանա ապացուցել դատարանը, իսկ մյուսնե՞րը: Մոռացա՞ն Փաշինյանն ու դատավորները, որ ինքը՝ Փաշինյանը, Մարտի 1-ի գլխավոր պատասխանատու համարում էր Սերժ Սարգսյանին: Նա մինչ օրս հարցաքննված իսկ չէ: Հարցաքննված չէ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ միայն զանգովի, այլ նաև ընտրովի արդարադատության հետ: Ամբոխավարական միջավայրն էլ թույլ է տալիս նույն այդ ամբոխի ներկայացուցիչներին կրկնել Փաշինյանի՝ օդից կախված, առանց փաստարկների ներկայացված խոսքը, թե իբր Մարտի 1-ի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, ու գրողի ծոցը, թե փաստեր չկան։

Դա միայն ամբոխի համար, իսկ իրականում Մարտի 1-ը ոչ միայն բացահայտված չէ, այլև իրական մեղավորները շարունակում են ազատության մեջ մնալ:

Ինչպես այն ժամանակ, այսօր էլ դեռ կան այնպիսի հարցեր, ինչպիսիք են ովքե՞ր են մեղավորները Մարտի 1-ի գործով, ո՞վ կազմակերպեց, ո՞վ տվեց կրակելու հրամանը, ովքե՞ր էին կրակողները, ո՞ւմ հրամանով և ինչպե՞ս թալանվեցին Մաշտոցի պողոտայի խանութները, դարձյալ ովքե՞ր և ո՞ւմ հրամանով էին շրջում մեքենաներն ու վառում դրանք․․․

Մի խոսքով՝ Մարտի 1-ի գործը բացահայտելու խոստումն ու առավելևս հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործն ըստ էության բացահայտվել է՝ մնացել է օդում․․․

Հ․Գ․

Իհարկե, կան նաև խոստումներ կապված էժանացումների հետ, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման հետ, գազի գնի գոնե անփփոխ մնալու հետ կապված, ի վերջո խոստացավ աշխատատեղեր մարդկանց, և պայքար գործազրկության դեմ, սակայն սրանք ևս սին դուրս եկան, քանի որ դեռ անցնող տարեվերջին եղան բազում թանկացումներ, ավելացան մի շարք հարկ ու տուրքեր, և իհարկե հենց տարեմուտի շնորհավորանքի հետ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանին գազը թանկանալու է։ Իսկ մի քանի նախարարությունների, պլինձամոլիբդենային գործարանի փակման հետևանքով էլ ոչ թե պակասեց, այլ 55 հազարով ավելացավ գործազուրկների թիվը․․․

NEWSPRESS.am

Առնչվող Հոդվածներ