ՀասարակությունՏնտեսական

Փաշինյանի կուսակցությունը 200 միլիոնով գրասենյակ է ցանկանում գնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արդեն երկրորդ անգամ է, իր կուսակցական նիստերն իրականացնում է Ազգային Ժողովում։ Իհարկե, ՔՊ-ականները հայտարարում են, որ դա խմբակցության նիստ է, բայց չեն բացատրում, թե երկրի վարչապետը, կառավարության ՔՊ-ական նախարարները և մարզպետները ինչ գործ ունեն «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստում։

Բանը հասավ նրան, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ստիպված եղավ հայտարարությամբ հիշեցնել իշխող ուժին, որ իրենք կանոնակարգ ու օրենք են խախտում․«Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող և չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի։

Երկրորդ մտահոգությունս առնչվում է ավելի հիմնարար խնդրի. մեր գործընկեր «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստն արդեն որերորդ անգամ տեղի է ունեցել գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ։ Երեկվա նիստն էլ ընթացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Հիշեցման կարգով միայն՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները տարանջատված են, իսկ ձեր քայլերով, հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք տարրալուծվում, միախառնվում և միաձուլվում եք գործադիր իշխանության հետ… Սա լուրջ և մտահոգիչ հարց է»,-գրել էր Էդմոն Մարուքյանը։

Նոր իշխանությունները անհանգստացած են այս աղմուկից և որպեսզի այլևս օրենքն չխախտեն ու իրենց կուսակցական ժողովները չիրականացնեն Ազգային Ժողովում, ՔՊ-ում ցանկանում են մեծ և շքեղ գրասենյակ ձեռք բերել, որը կգերազանցի ՀՀԿ գրասենյակի շքեղությանը։

ՔՊ-ում ցանկանում են հնարավորինս արագ ձեռք բերել շքեղ գրասենյակ, բայց մտավախություն ունեն, որ չկարողանան հասարակությանը բացատրել, թե այս կարճ ժամանակահատվածում ինչ միջոցներով են նման գրասենյակ ձեռք բերում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ն Երևանի կենտրոնում մի քանի շենքեր է դիտարկում, որոնք կարող են ծառայել որպես գրասենյակ։ Գրասենյակ գնելու համար նախատեսում են ծախսել ավելի քան 200 մլն դրամ։

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել նաև ՔՊ գրասենյակից, սակայն մեր բազմաթիվ զանգերը անպատասխան մնացին։

Անի Սահակյան

Առնչվող Հոդվածներ