Տնտեսական

Փաշինյան. Աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայությունն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ տնտեսական հեղափոխությունը եւ աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայություններն են: 

Նրա խոսքով՝ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար զարգացվում են նաեւ տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները:

«Այս համատեքստում, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի հանրահայտ փաստի վրա. նախկին խորհրդային երկրներից ոչ մեկին չի հաջողվել արդիականացնել ինստիտուտներն առանց ֆինանսական եւ տեխնիկական աջակցության: Հայաստանը բացառություն չէ: Ավելին, հետխորհրդային երկրներին բնորոշ մարտահրավերներից բացի, Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից դիմակայել է մի շարք այլ մարտահրավերների»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Նա խոսել է դեպի ծով ելք չունենալու, շուրջ երեսուն տարի տեւած տրանսպորտային շրջափակման, էներգետիկ անվտանգության եւ այլ խնդիրների մասին:

«Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով: Մենք դա անելու ենք՝ անկախ դժվարություններից եւ հանգամանքներից: Այդուամենայնիվ, ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել եւ ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Առնչվող Հոդվածներ