Տնտեսական

Փաշինյան. Գյուղատնտեսական տարին պետք է մաքսիմալ կանխատեսելի լինի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատասխանատուների խնդիրն է կառավարության, գյուղացու, մթերողի համար մաքսիմալ կանխատեսելի դարձնել գյուղատնտեսական տարին, որպեսզի յուրաքանչյուրն իր անելիքներն իմանա: 

Մենք միշտ տարվա վերջում ենք իմանում, թե ինչ է եղել եւ ինչու, սակայն այդ ամենը պետք է լինի տարվա սկզբից: Ջրի պահանջարկի վերաբերյալ գնահատականը երբ տարվա կամ ամսվա մեջ երեք անգամ փոխվում է՝ խնդիր է, չի կարող այդպես լինել: Պետք է տարվա սկզբից «ճանապարհային քարտեզ» ունենանք, կոնկրետ քայլերով գնանք եւ կանխատեսելիության ինչ-որ ցուցանիշ ապահովենք»,- նշել է վարչապետը գյուղատնտեսական շրջանի նախապատրաստման հարցերին նվիրված խորհրդակցությանը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա կազմված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) հետ գյուղացիական տնտեսությունների պայմանագրերի թիվը Արարատյան դաշտում ավելացել է 4500-ով, եւս 600-ով՝ հանրապետության այլ հատվածներում:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ իրականացվելու են կոնկրետ գործողություններ, որպեսզի ընթացիկ տարում ջրի օգտագործման վերահսկողությունը լինի առավել արդյունավետ, ստվերում գտնվող գյուղացիական տնտեսությունները պայմանագրեր ստորագրեն ՋՕԸ-երի հետ եւ գան օրինական դաշտ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ոռոգման սեզոնին լավագույնս պատրաստ լինելու նպատակով:

Առնչվող Հոդվածներ