Համացանց

«Փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը». Մակինյան

Փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ, որ փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը…

Քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը բողոքարկելու եմ Անպայման!!!

…ինչպես խոստացել եմ, Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ այս գործը բացահայտելու եմ մինչեւ վերջ եւ բոլոր մեղավորները պատժվելու են…»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։ Դատախազությունն էլ հաղորդումն ուղարկել էր ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու։ NEWS.am-ին ավելի վաղ հայտնել էին, որ ԱԱԾ-ն քրեական գործ չի հարուցել։

NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ամրամ Մակինյանը հայտարարել էր նաեւ, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը քրեական գործեր է ուղղորդում Աննա Վարդապետյանի եւ քննիչների հետ հանդիպելիս:

Համոզված եմ՝ քրեական հետապնդում է սկսվելու. փաստաբան Մակինյանն Աննա Վարդապետյանի գործով կդիմի ՌԴ իրավապահներին

Առնչվող Հոդվածներ