Հասարակություն

Փափուկ բարձ՝ ուսուցիչների գլխի տա՞կ, թե՞ գույժի քողարկում:

ՀՀ Կրթության և գիտության նախարար (ԿԳՆ) Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարվա սեպտեմբերից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում: Ընդ որում, ըստ նրա՝ ուսուցիչների վերապատրաստման համակարգ են ներդնելու, և վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով բարձրանանալու է:

Ինչ խոսք, բարձրաձայնված այս հարցը պարզապես հիանալի գաղափար է, սակայն մի պարզ հարց է ծագում՝ ինչպես է նախարարությունը պատրաստվում իրականացնել այդ բարձրացումը։ Պարզ հարցադրում, որն ասես փչացնում է նախարարի խոսքի ամբողջ ռոմանտիկան և կրկին կոտրված տաշտակի առաջ կանգնեցնում բոլորին:

Նախքան այս հարցին անդրադառնալը տեղին է նաև անդրադառնալ նոր իշխանությունների կողմից հնչեցվող այն մտքերին, թե նախորդ իշխանությունների ժամանակ ուսուցիչների աշխատավարձի փոփոխություն չի եղել: Ստորև բերված գծապատկերը հավաստումն է այդ խոսքերի սին լինելու:

Ինչպես երևում է գծապատկերից, 2005-2015 թվականներին ուսուցիչների մեկ դրույքի համար կատարվող աշխատավարձի չափն ավելի քան եռապատկվել է: Բացարձակ արժեքով փոփոխություն չի եղել միայն վերջին տարին, սակայն 2016 թվականին իրականացվել է դրույքաչափերի վերանայում, որի արդյունքում, թեև դրույքի վարձատրությունը չի փոխվել, սակայն փաստացի նույն դասաժամերի համար մանկավարժների կողմից եկամտի տնօրինման չափը կրկին ավելացել է:

Գալով արդեն այն պարզ հարցին, թե ինչպես է նախատեսում ԿԳՆ-ն 2019թ. սեպտեմբերին բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, այն էլ՝ 50 տոկոսով, առերեսվում ենք մի պարզ ճշմարտության հետ, որ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքով աշխատավարձերի կամ կենսաթոշակների որևէ բարձրացում նախատեսված չէ: ՀՀ Ֆինանսների նախարարության կայքում զետեղված ինտերակտիվ բյուջեն տալիս է մեզ այդ հնարավորությունը՝ տեսնելու և համոզվելու, որ աշխատավարձերի մասով որևէ փոփոխություն չի սպասվում: Ավելին, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հարցազրույցներում բազմիցս է շեշտել  2019-ին աշխատավարձերի բարձրացում չի սպասվում:

ԿԳ նախարար Ա. Հարությունյանը հայտարարել է, որ 2019թ. սեպտեմբերից կբարձրանան աշխատավարձերը՝  նշելով, որ դա իրենք իրականացնելու են խնայողությունների հաշվին։

Մի կողմ թողնենք դեռ այն փաստը, որ 2019թ. բյուջեով նման ծախսեր  նախատեսված չեն, այսինքն՝ նման բան պլանավորված չէ, ի՞նչ խնայողությունների մասին է խոսքը, այդ ո՞ր ծրագրերի հաշվին են նման մեծ խնայողություններ արվելու, որով հնարավոր է դառնալու այդքան ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը։

Այս պարագայում կրկին անպատասխան է մնում և էլ ավելի մտահոգիչ է դառնում պարզ հարցը` ինչպե՞ս է ԿԳՆ-ն պատրաստվում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը:

Այս պարզ հարցի պատասխանը գործողությունների 3 սցենար է նախանշում, որոնք կարող են լինել։

Առաջինը հիմնված է այն հանգամանքի վրա, որ 50 տոկոսով կբարձրանա միայն վերապատրաստում անցած մանկավարժների աշխատավարձը: Իսկ ովքե՞ր կլինեն այդ վերապատրաստվողները, և քանի՞ հոգի կվերապատրաստվեն՝ կորոշի նախարարությունը: Այստեղ, իհարկե, կարելի է մի 100 հոգու վերապատրաստել, նրանց աշխատավարձերն էլ բարձրացնել, և դա հեռուստատեսությամբ ու լրատվականներով մի քանի անգամ պտտելով՝ պատրանք ստեղծել, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացավ:

Այս տրամաբանության մեջ տեղավորվում է նաև  սեպտեմբեր ամսին սպասվող հարկային փոփոխությունների փաթեթի ընդունումը, որով 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները եկամտահարկի նվազեցման արդյունքում որոշ բարելավում կունենան, սակայն նրանց թիվը ևս կլինի շատ փոքր: Արդյունքում՝ ոլորտի լավագույն մանկավարժները կմնան նույն աշխատավարձով, իսկ մի քանի հոգի կստանան բարձր աշխատավարձեր:

Երկրորդ տարբերակը, որը, թերևս, վատագույն սցենարն է, դա ուսուցիչների սպասվող կրճատումներն են, այսպես ասած՝ օպտիմալացումը, որն այդքան մոդայիկ է այսօրվա կառավարության համար: Այս տարբերակի դեպքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մի զարկով կհնձի մանկավարժների մի մասին՝  նրանց դարձնելով գործազուրկ, իսկ դրա հաշվին խնայված միջոցներով կբարձրացնի աշխատավարձերը: Իսկ թե երբ է պատրաստվում ԿԳՆ-ն հայտնել այս գույժը, թերևս հայտնի չէ:

Եվ վերջապես, երրորդ տարբերակը, որ, թերևս, այս պահին կարելի է պատկերացնել, դա այն է, որ ոչ մի բարձրացում էլ չի լինելու, ԿԳՆ-ն պարզապես ստում է և փափուկ բարձ դնում ուսուցիչների գլխի տակ: Կանցնեն ամիսները, կգա սեպտեմբերը, և կհայտարարեն, որ բարձրացումը հետաձգվում է: Կասեն, որ այս տարի չստացվեց, կլինի մյուս տարի, ու խոստումը քամու պես կանցնի-կգնա:

Որքան էլ զարմանալի է, սա, թերևս, այս 3 տարբերակներից, այսպես ասած, ամենաանշառ տարբերակն է, ու ըստ էության՝ լավագույնը, որ կարելի է սպասել ԿԳՆ-ից, դա նրանց անգործությունն ու համակարգը չխառնելն է: Ո՞վ կմտածեր, որ օրերից մի օր ընտրության լավագույն տարբերակը կհամարվեր այն, որ ԿԳՆ-ն սուտ է խոսում. չնայած իրավիճակ է փոխվել, կարող է և այսպես լինել, որովհետև ավելի լավ է լինել խաբված, քան տեսնել, որ հազարավոր մանկավարժներ, ովքեր սերունդներ են կրթել, այսօր արկածախնդրության և քաղաքական դիվիդենտներ շահելու համար դառնում են գործազուրկ:

Ցավալի է, որ այդ մարդիկ այսօր, լավագույն դեպքում, երազում են խաբված լինել  և պահել իրենց աշխատանքը: Քանի որ, հակառակ դեպքում, կրճատման գույժը ոչ միայն շատ ու շատ հույսեր է մարելու, այլև մարելու է հազարավոր տների լույսեր, քանի որ շատ ու շատ համայնքներում դպրոցը, գիտելիքի կաճառ լինելուց զատ՝ նաև միակ աշխատավայրն ու ապրուստի միջոցն է մեր հասարակության ամենակարևոր հատվածի` ուսուցչի համար։  Իսկ ուսուցիչն այսօրվա իշխանությունների հայտնի տրամաբանությամբ՝ չի կարող ոչխար պահել կամ միկրոբիզնես բացել, նրա համար աշխատանքը սուրբ գործ է, այլ ոչ թե փող աշխատելու սովորական մի վայր:

Իշխանությունները գիտակցում են, որ հասարակությունն օր օրի ավելի է հիասթափվում, կառավարության  վարկանիշը սրընթաց կերպով ընկնում է, և ամեն օր բողոքի նոր օջախներ են բացվում երկրով մեկ։ Խոստացված ներդրումները չկան, բյուջեի մուտքերը չեն կարողանում ապահովել, աշխատատեղեր ստեղծելու փոխարեն՝ կրճատումներ են արվում ամենուր, փոքր ու միջին բիզնեսը փակվում է, լայն սպառման ապրանքների՝ սննդամթերքի և կենցաղային իրերի, բենզինի գները բարձրանում են… Փիլիսոփայական ելույթներով կերակրել երկար չեն կարող, ուրեմն ի՞նչ անել. խոստումներ տալ ուսուցիչներին, որոնք հսկայական թիվ են կազմում։ Նոր իշխանություններն իրենց կառավարման այս ընթացքում հասցրել են բազմիցս կշտամբել, նեղացնել ուսուցիչներին, որոնց համբերությունը կարող է հատել։

Թերևս այս է պատճառը, որ շտապում են նոր հույսեր արթնացնել՝ նոր խոստումներ տալով և սպասումներ առաջացնելով՝ մինչև սեպտեմբեր առանց նոր բողոքի ալիքների և իրենց համար նոր «գլխացավանքների» երկարաձգելով իրենց պաշտոնավարումը։

Մաքսիմ Մուսինյան

168.am

Առնչվող Հոդվածներ