Քաղաքականություն

Փոխադարձ ըմբռնո՞ւմ, թե՞ մերժում. Ինչ է Փաշինյանը բերել Բրյուսելից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում արծարծվել են նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ անունից աջակցություն են հայտնել Մինսկի խմբի համանախագահներին և նրանց առաջարկներին: Ավելին՝ Մոգերինին աջակցություն է հայտնել վարչապետ Փաշինյանի` բանակցային գործընթացին ամբողջական ներգրավվածությանն առանց նախապայմանների: Սակայն Մոգերինին չի պարզաբանել, թե ի՞նչ է ենթադրում՝ «առանց նախապայմանների» ձևակերպումը, արդյո՞ք դա վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ, եթե շեշտում են՝ «առանց նախապայմանների», ուրեմն իրենց համար դա է կարևոր: Սակայն, ըստ նրա, Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան կարելի է դիտարկել ոչ թե՝ որպես նախապայման, այլ՝ ընդամենը խնդիրն արդյունավետ լուծելու պայման.

«ՀՀ-ն իր անունից մասնակցի թե չմասնակցի բանակցություններին, ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին, որովհետև խնդիրն առնչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Կարծում եմ՝ ՀՀ վարչապետի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի միջև փոխադարձ ըմբռնման մթնոլորտում տեղի է ունեցել բավականին արդյունավետ խոսակցություն: Պետք է հաշվի առնել, որ սովորաբար ԵՄ-ն այդքան էլ ակտիվ չէր այս հարցում, և ինչ-որ առումով սա նորություն է»:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանը ձեռնունայն է վերադառնում Բրյուսելից. «Իշխանության գալուց հետո Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Փաշինյանի հիմնական թեզը եղել և այսօր առնվազն հրապարակային դաշտում մնում է իր խոստումը՝ Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանին:

Այսպիսի խոստում նա առաջին անգամ տվեց Ստեփանակերտում մայիսի 9-ին, այդպիսի քաղաքական ուղերձներ էր հղում նաև Բրյուսելից: Այս ընթացքում սակայն մեր իշխանությունները թիզ անգամ չեն մոտեցել այս խնդրի լուծմանը, ավելին՝ ինչպես հաճախ լինում է Նիկոլ Փաշինյանի պարագայում, իր խոսքը գործից հազարավոր կիլոմետր առաջ է ընկել: Այս անգամ ևս այս թեզով, հույս ունենալով, որ կապիտալիզացնելու է ՀՀ-ում տեղի ունեցող իշխանափոխությունը, կարողանալու է այս հարցը լուծել, նա պատշաճ ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ խնդիրը մինչև հրապարակային դաշտում բարձրաձայնելը անհրաժեշտ էր բանակցել նախ և առաջ ՄԽ համանախագահների հետ: Ինչպես տեսնում ենք, ՄԽ համանախագահ և ոչ մի երկիր նման աջակցություն Հայաստանին չի ցուցաբերում:

Ժամանակին ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էր հրապարակային հայտնել, որ Ռուսաստանը դեմ չէ, բայց այս հարցը պետք է համաձայնեցնել Ադրբեջանի հետ, ինչը նշանակում էր, որ Ռուսաստանի վրա այս հարցով հույս դնել Նիկոլ Փաշինյանը չի կարող: Այս անգամ էլ Բրյուսելից, ցավոք, հստակ երկու ուղերձ ստացավ, մեկը՝ Մոգերինիի պաշտոնական հաղորդագրության մեջ «առանց նախապայմանների» բանակցային գործընթացը շարունակելու քաղաքական ուղերձը, մյուսը՝ Դոնալդ Տուսկի և Յոհանես Հանի հետ հանդիպումների ժամանակ բանակցային ձևաչափի պահպանման անհրաժեշտության մասին հայտարարությունները: Այս ամենն ի մի բերելով՝ պետք է փաստել, որ գալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ կարևոր և շատ ծանր է լինելու, որովհետև ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտնել՝ այդ հանդիպումը լինելու է առանց օրակարգի, սակայն Բրյուսելում նա ասաց, որ օրակարգի հարցը լինելու է բանակցությունների ձևաչափի փոփոխության խնդիրը»:

Ա.Աշոտյանի խոսքով՝ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը քայլեր ձեռնարկի իր տված խոստումը կատարելու համար, մյուս կողմից՝ չստեղծվի տպավորություն, որ Հայաստանի պատճառով բանակցային գործընթացը ՄԽ համանախագահների շրջանակներում տորպեդավորվում է կամ պարալիզացման եզրին է: Ըստ նրա՝ եթե հանկարծ զարգացումները գնան երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որ բանակցությունների վիժեցման կամ տորպեդավորման մեղքը կփորձեն գցել Հայաստանի վրա:

Ա. Աշոտյանը նշեց, որ այս ամենը կանխատեսվող վտանգներ էին, որոնց մասին իրենք խոսում էին ամենասկզբից, երբ պնդում էին, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Արցախի վերադարձի խնդրին զուգահեռ՝ պետք է բարձրաձայնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը և չսրբագրել Ադրբեջանի դիվաագիտական պարտությունն ապրիլյան պատերազմից հետո Դուշանբեի՝ ոտքի վրա ձեռք բերված չկրակելու բանավոր խոստումով.

«Այդ բանավոր խոստումը շատ արագ կարող էր բանավոր հրահանգի վերածվել Ալիևի կողմից, ինչը նա կարող է անել, եթե միջազգային հանրության մոտ կարողանա ստեղծել տպավորություն, որ Հայաստանն է մեղավոր բանակցային գործընթացի ձախողման համար»:

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝ այսօր հայկական կողմից փաստացի հնչեցվող փաստարկը տրամաբանական է.

«Դիվանագիտությունը, իհարկե, շատ զգուշավոր է, այստեղ հնարավոր է ամեն ինչ, կտրուկ ոչ չկա: Ամենակարևորը, որ հայկական կողմն իր դիրքերը կրկնում, պաշտպանում և հիմնավորում է, և ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Արցախի մասնակցությունը բանակցություններում անխուսափելի է: Բոլորը դա հասկանում են, նույնիսկ ադրբեջանական կողմը, որքան էլ իրենք իրենց անտեղյակի տեղ դնեն: Խնդիրն այն է, թե ո՞ր փուլից: Գագիկ Ծառուկյանն էլ էր ժամանակին դա հայտարարել, որ Ղարաբաղի հարցը հայ ժողովուրդը փաստացի լուծել է, խնդիրը լեգիտիմությունն է: Պարզ է, որ Ադրբեջանը պետք է խոսի այն կողմի հետ, որն այդ լեգիտիմության սուբյեկտն է, ոչ թե օբյեկտ: Տրամաբանորեն՝ դա Արցախն է»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Բրյուսելում ամենակարևոր արձանագրումն այն է, որ պահվում է ԵԱՀԿ ՄԽ խումբը, և պահվելու է ձևաչափը, ԵՄ-ն վերահաստատեց իր դիրքորոշումը, որ ողջունում է անպաշտոն հանդիպումը Փաշինյանի և Ալիևի միջև, և առաջիկա հանդիպումը, որ արդեն պաշտոնական ֆորմատ պետք է ունենա և կազմակերպվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Նա նշեց, որ Փաշինյանը մի անգամ ևս այդ ամբիոնն օգտագործեց՝ ասելու, որ մտադիր չէ հրաժարվել Արցախը բանակցային սեղան բերելու իր նախնական մտադրությունից, և դա շարունակում է մեզ համար մնալ անկյունաքարային Ղարաբաղի կարգավորման գործընթացում:

Միևնույն ժամանակ, պատգամավորի կարծիքով, շարունակում են պահպանվել անորոշություննները. «Մենք Ադրբեջանից ստանում ենք ամենաբարձր մակարդակով ազդակներ, որ որևէ կերպ հակված չեն փոխել իրենց դիրքորոշումը, ավելին՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել էր, որ Երևանի քայլերը կասկած են հարուցում՝ մենք ընդհանրապես ուզո՞ւմ ենք կարգավորել, թե՞ ոչ:

Հետևաբար՝ կարգավորման ընդհանուր մթնոլորտը և մեր դրած նշաձողը կարծես համահունչ չեն, և շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հակառակ կողմից ևս ստանալ ազդակներ, որ վերջապես մենք 9-10 ամիս կրկնում ենք մի թեզ, որը ոչ մի պատասխան ընկալում չի գտնում, և մենք պետք է կարողանանք ելքեր գտնել ստեղծված իրավիճակից, որովհետև հարաբերական անդորրը, խաղաղությունը, որն ունենք այս պահին, երբեք չպիտի մեզ հանգստացնի, քանի որ գիտենք, որ առաջնագծում ադրբեջանցիները ինժեներատեխնիկական աշխատանքներ են տանում, զորքերի շարժեր կան»:

Ա.Բաբաջանյանի կարծիքով՝ հատկապես Հանի ձևակերպումը շատ ավելի որոշակի էր՝ ՄԽ ձևաչափն անփոփոխ թողնելու վերաբերյալ և, ըստ էության, ԵՄ-ն եղած ձևաչափը համարում է ամենաօպտիմալը և բանակցությունները շարունակելու համար ամենանպատակահարմարն այս պահին, այսինքն՝ որպեսզի Հայաստանը դրա պատճառով չհրաժարվի բանակցելուց: Բաբաջանյանը չի կարծում, թե ՀՀ-ն Արցախի վերադարձը որպես նախապայման է առաջարկել, հետևաբար՝ չի կարող այդպես ընկալվել. «Հայաստանն Արցախի վերադարձը բանակցությունների սեղան ընդհանրապես մասնակիցներին ամբողջացնելու համար է արել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկնել են, որ վաղ թե ուշ Արցախի ժողովուրդը պետք է իր խոսքն ասի, և սա այն պահն է, երբ Արցախի ժողովուրդը, որը կունենա իր ընտրյալ մասնակիցը բանակցային սեղանի շուրջ, հենց հիմա պետք է մասնակցի, որովհետև եթե մենք ուզում ենք առարկայական բանակցություններ, ոչ թե բանակցել՝ բանակցելու համար, ինչպես եղել է վերջին ավելի քան 20 տարիներին, ուրեմն պետք է կարողանանք բանակցային կողմերին ամբողջացնել»:

Ա.Բաբաջանյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է շարունակի հանդիպումները. «Կարծում եմ՝ կարևոր հարցեր քննարկելուն զուգահեռ՝ պետք է փորձենք ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր ապագա հայտարարություններում հատուկ կետով արձանագրել, որ Հայաստանը շարունակում է պնդել, որ բանակցային ֆորմատի ամբողջացման համար անհրաժեշտ է, որպեսզի Արցախը տեղ գտնի բանակցային ձևաչափում»:

Առնչվող Հոդվածներ