Քաղաքականություն

Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբեւէ․ Աննա Հակոբյան


Ցավում եմ, բայց չեմ կարող կարծիք հայտնել, ելնելով իմ կարգավիճակից ու դիրքից, նաեւ հաշվի առնելով հարցի սրությունը, եւ կոնկրետ այն քաղաքական ենթատեքստը, որ դրված է այդ հարցի տակ, ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ ու որեւէ կարծիք չհայտնեմ։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ի պատասխան օգտատերերից մեկի՝ «կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի շահագործմանը» հարցին։

«Վարչապետի՝ իմ ամուսնու, մեկ տարի առաջվա լայֆից հետո, ես չգիտեմ ինչ փոխվեց, ինչու հանկարծ այս բռնկումը տեղի ունեցավ, եթե մեկ տարի ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի պրոցես չի ընթացել, ի՞նչ տեղի ունեցավ, որ նորից սկսվեց։ Դա հարց է, որի պատասխանը ես չկարողացա գտնել, հետեւելով իրադարձություններին, լսելով հարցազրույցներ, հատկապես այն մարդկանց, որոնք այնտեղ գործողություններ են անում»։

Մեկնաբանի հիշեցմանը, որ ցույցերը սկսվեցին, երբ «Լիդիան Արմենիան» ապամոնտաժեց հանքի հարեւանությամբ բնապահպանների տնակը, պատճառաբանելով, թե այն իր տարածքում է, Աննա Հակոբյանը հակադարձել է, ասելով, որ բուն խնդրի էության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ շահագործվելո՞ւ է, հանքը, թե՞ ոչ։

Իսկ թե ինչո՞ւ են քաղաքացիները զրկված խաղաղ ցույցերի իրավունքից, մասնավորապես Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ելույթներից, Աննա Հակոբյանն ասել է, թե իր կարծիքով պատճառը արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներն են։ Նա բացառել է այնպիսի սցենար, որով կարող է ճնշվել ազատ խոսքը։

«Արտակարգ դրության երկարաձգումը կապել այս կամ այն իրադարձության հետ, այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական միավորի գործունեության հետ, կարծում եմ, տեղին չէ, որովհետեւ մենք բոլորս ապրեցինք այս 6 ամիսը՝ բախվելով համավարակի հետ, մենք բոլորս տեսանք, թե որքան կյանքեր խլեց այդ համավարակը, եւ կառավարության գործողություններն ընդդեմ այդ համավարակի այսօր արդեն ցույց են տալիս իրենց արդյունավետությունը, եւ հույս ունեմ, որ այսպես կշարունակվի, եւ այն խոսակցությունները, թե արտակարգ դրությունը շարունակվում է, երկարաձգվում է այս կամ այն պատճառով, կարծում եմ, հիմնազուրկ է։ Առաջին անգամ չէ, որ նման մտքեր են հնչում։ Նախկինում էլ, մարդկանց տարբեր խմբեր, տարբեր քաղաքական շահեր հետապնդող խմբեր սեփական օրակարգով պայմանավորված այդ հայտարարությունն արել է, թե դա արվում է հենց իրենց ճնշելու համար, բայց կառավարության գործողություններն ապացուցում են հակառակը։ Եվ ես չեմ կարծում, որ այսօր կառավարությունը խնդիր ունի որեւէ խոսք ճնշելու, ուղիղ հակառակը, քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբեւէ, եւ պետք չէ դրա տակ ինչ-որ բան փնտրել»։

Առնչվող Հոդվածներ