Տնտեսական
Քննարկվել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը:


ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Ասիական զարգացման բանկի վենչուրային գծով խորհրդատու Կլաուս Ֆելսինջերի հետ քննարկել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը։
«Զբոսաշրջության ոլորտը մեր առաջնահերթություններից է եւ տնտեսական գործունեության այնպիսի տեսակ, որտեղ օգուտներն առավել ներառականորեն բաշխվում են բոլոր դերակատարների միջեւ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։
Նա նշել է, որ զբոսաշրջության ոլորտում տեխնոլոգիական, նորարարական մոտեցումները կարող են բարձրացնել ոլորտի մրցունակությունը, մատուցվող ծառայությունների որակը եւ մատչելիությունը:
Քննարկվել են նաեւ զբոսաշրջային տեղեկատվության բովանդակությանն առնչվող խնդիրները, ինչպես նաեւ Armenia.Travel կայքին վերաբերող հարցեր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ոլորտի զարգացման մեխանիզմներ մշակելու եւ կիրարկելու ուղղությամբ։
