Հասարակություն

«Քոչարյանին միայն «Մարտի 1»-ով են ուզում մեղադրանք առաջադրել, ես դրան համաձայն չեմ»:

Երեկ Ստեփանակերտում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի բողոքի ցույց է տեղի ունեցել։ Հավաքվել է մոտ 150 մարդ։ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ցույցին մասնակցել են Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը՝ տիկին Դոնարայի գլխավորությամբ և Ազատամարտի միության մի քանի անդամներ են եղել։ Արցախի պաշտոնյաներից ոչ ոք չի մասնացել ցույցին։

«Որոշ պաշտոնյաների մատը խառն է եղել կազմակերպման մեջ, բայց պաշտոնյաներ չեն եղել, աջակցություն չի եղել», ասաց Վահան Բադասյանը։

Նրա խոսքով՝ եթե հանցագործություն է կատարվել, ինչ իմաստ ունի և որքանով է արդարացի՝ մարդիկ պահանջեն, որ հանցագործը չպատժվի. «Եթե միայն «Մարտի 1»-ն է, այդտեղ, իմ կարծիքով, խնդիրն իսկապես վիճելի է, որովհետև այնտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հրահրել, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են հրահրել։ Արդյունքում բախում է եղել և սպանել են մարդկանց։ Այդտեղ Լևոն Տեր-Պետրոսյանին էլ պետք է մեղադրեն, նրա կողքի կանգնած մարդիկ էլ պետք է մեղադրվեն։ Վեճ է ստացվում, վիճելի հարց է։ Բայց թավշյա հեղափոխության շունչը, ոգին դա չէր։ Ժողովուրդը միայն «Մարտի 1»-ի զոհերի համար չի դուրս եկել։ Մարդիկ 3 տասնամյակում կատարված անարդարությունների համար են դուրս եկել։ Ժողովուրդը փողոց է դուրս եկել տասնամյակների ցասումից, երբ թալանվել, ոչնչացվել են գործարանները, երբ տնտեսական լծակներն օտարվել են, երբ բոլոր ընտրությունները կեղծվել են, երբ մեր պաշտպանունակությունը հասցվել է այն մակարդակի, որ ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմ և զոհեր, թշնամին կարողանում էր դիվերսիոն ներթափանցումներ անել, երբ տեխնիկան չէր տեղակայվում դիրքերում։ Այս ղեկավարների արարքներին պետք է գնահատական տրվի։ Եթե Ռոբերտ Քոչարյանին միայն «Մարտի 1»-ով են ուզում մեղադրանք առաջադրել, ես դրան համաձայն չեմ։ Մեր ժողովրդի պահանջն այն էր, որ այդ մարդիկ թալանել են ժողովրդին, անօրեն հարստացել են եւ պետք է հատուցեն»,-ասաց նա։

Առնչվող Հոդվածներ