Հասարակություն

Քոչարյանի հերթական սադրանքը:

1in.am-ը գրում է

Համոզված ենք՝ Արցախում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիվը նույնքան քիչ է, որքան՝ Հայաստանում։ Արցախում Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ստեղծվել էր խանական համակարգ, որը որևէ աղերս չուներ ոչ ԼՂՀ անվտանգության և ոչ էլ՝ նրա քաղաքացիների իրավունքների հետ։ Բացի այդ՝ հենց Ռոբերտ Քոչարյանի անվան հետ է կապված Արցախի սուբեկտության շեշտակի անկումը, այլ խոսքով՝ Հայաստանում Քոչարյանի նախագահության գինը դարձավ ԼՂՀ դուրսմղումը բանակցային գործընթացից։

Այնուամենայնիվ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, երեկ բողոքի ցույց է տեղի ունեցել «Ազատություն Քոչարյանին» խորագրով, որը կազմակերպել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»: Ցույցը զանգվածային չի եղել, դրան մասնակցել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ։

Նման ցույցերը ԼՂՀ առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահին չեն կարող օգնել իրավական ու քաղաքական հարթության վրա, սակայն իմիտացիա է ստեղծվում, թե իբր Արցախն աջակցում է Քոչարյանին՝ այդպիսով սեպ խրելով հայկական երկու պետությունների միջև։

Իսկ Երևանում Քոչարյանի պաշտպանական խումբը երեկ հերթական անգամ մանիպուլացրել է փաստերը։

Փաստաբան Հայկ Ալումյանը խոսել է հայտնի 0038 հրամանի մասին՝ նկատելով, որ իրավական դաշտում որևէ խնդիր չկա, և այն ավելի շատ շահարկվում է հուզական դաշտում։ Ըստ Ալումյանի՝ 0038 հրամանն ինքն իրենով չի ներկայացնում որևէ խնդիր։ Ալումյանը վստահեցրել է՝ 0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումը ցույցերին։

«Հստակ տվյալներ կային, որ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականերին բերեն հրապարակ, որ զինվորականները նույնպես մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Հստակ կարող եմ ասել, որ 0038 հրամանը որևէ հակասահմանադրական կամ հակաօրինական իրավիճակ չի ստեղծել, սրանում կհամոզվեք, երբ ամբողջ տեքստին դուք էլ ծանոթանաք։ Պետք է հստակ պատկերացնեք, որ 0038 հրամանը և «Մարտի 1-ի» իրադարձություններն իրար հետ փողկապակցված չեն»,-ընդգծել է Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հայտարարել է, որ 2008 թ․ հստակ տեղեկություններ են եղել, որ բանակը ցանկանում են ներքաշեն ցույցերի մեջ, որպեսզի, ինչպես ինքը որակեց, «բանակը զենքը շրջի օրվա իշխանության դեմ»։ Ալումյանը հիշեցրել է, որ ցույցերի օրերին արդեն իսկ գործող ՊՆ երկու փոխնախարար միացել էին ցույցերին, միացել էր նաև գործող զինդատախազը։ Հայկ Ալումյանն ընդգծեց, որ 0038 հրամանը կանխել է բանակի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։

Մեղմ կլինի ասելը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ամբողջովին խեղաթյուրել է իրականությունն, ընդ որում՝ դուրս գալով իրավական հարթությունից։

Նախ և առաջ՝ զուտ իրավական առումով, 0038 հրամանը հակասահմանադրական է, որովհետև սահմանադրությունն արգելում է բանակի մասնակցությունը կամ միջամտությունը ներքաղաքական զարգացումներին։ Ավելին՝ նախաքննության մարմինը ներկայացրել է հիմնավոր փաստեր, որոնք վկայում են, որ ՊՆ նախարարի սկանդալային հրամանը ծնվել է Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հրահանգով ու մասնակցությամբ։

Սակայն շատ ավելի զավեշտալի է այն պնդումը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը փորձել է բանակն օգտագործել իշխանության դեմ։

Նախ՝ այդ պնդումը չի հիմնավորվել նույնիսկ Մարտի 1-ի գործով դատավարությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել նախկին համակարգի օրոք։

Երկրորդը՝ Քոչարյանի մատնանշած երկու փոխնախարարները՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանն, առհասարակ նույնացված չեն եղել Տեր-Պետրոսյանի թիմի հետ, ու եթե նույնիսկ մասնակցել են ինչ-որ գործընթացների, ապա դրանցում ներկայացված են եղել ոչ թե բանակի, այլ՝ ԵԿՄ-ի կողմից, որը, որպես հասարակական կազմակերպություն, լեգիտիմ իրավունք ուներ տեսակետ ունենալ ներքաղաքական զարգացումների, այդ թվում՝ ընտրությունների վերաբերյալ։

Խիստ սկզբունքային է նաև այն արձանագրումը, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը բացառապես խաղաղ է եղել ու դրանում բացակայել է զինված պայքարի որևէ բաղադրիչ, այլ խոսքով՝ եթե անգամ դրան երկրապահներ են մասնակցել, ապա՝ առանց զենքի ու քաղաքացիների կարգավիճակով։

Սակայն՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը կատարել են իրենց կարգավիճակին անհարիր գործողություններ, ապա նրանք պետք է ենթարկվեին անհատականացված ծառայողական կամ քրեական պատասխանատվության՝ Քոչարյանի կողմից բանակը ներքաղաքական զարգացումներում օգտագործելու փոխարեն։ Այլ խոսքով՝ առանձին գեներալների իրավազանցությունը որևէ կերպ չի կարող ալիբի դառնալ Ռոբերտ Քոչարյանի համար, որը բանակի միջոցով տապալել է սահմանադրական կարգը 2008-ի իրադարձությունների ժամանակ։

Առնչվող Հոդվածներ