Հեղինակային

Քոչարյանի հուսահատ ճիչը. նամակ՝ բանտից:

Orer.am-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի ուղերձը, որում ԱԱԾ մեկուսարանում գնվող երկրորդ նախագահն իր մտահոգություններով է կիսվել սեփական համախոհների ու թիմակիցների հետ:

Քոչարյանը նախ՝ վստահություն է հայտնել, որ ներկա իշխանությունները ի վիճակի չեն լինելու դիմագրավել երկրի առաջ ծառացած մարտահրավերներին, ապա՝ համոզմունք հայտնել, որ, մասնավորապես, արցախյան խնդրում նոր իշխանությունների թույլ տված սխալները հանգեցնելու են և արդեն իսկ հանգեցրել են լրջագույն կորուստների: Նույնպիսի վստահությամբ Քոչարյանը հայտաարել է, որ իր գործը շինծու է, «իրավաբանական աղբ» և որ ինքն արդեն իսկ հաղթել է:

Ինչ խոսք՝ Քոչարյանի ուղերձը չափից դուրս լավատեսական է ստացվել՝ «որքան վատ՝ այնքան լավ» սկզբունքի տրամաբանությամբ: Տպավորություն է՝ ասես Քոչարյանը շունչը պահած հետևում է, թե երբ են իշխանությունները ձախողվելու, տապալվելու, երբ է գազազած հասարակությունը հիմա էլ դեմ դուրս գալու Նիկոլ Փաշինյանին:

Իհարկե, Քոչարյանի ուղերձի բովանդակությունն այս պարագայում այլ տեսք չէր էլ կարող ունենալ՝ հասկանալի պատճառներով, ու, թերևս, անիմաստ է դրանում տեղ գտած համոզմունքներն ու հայտարարությունները մեկիկ-մեկիկ վերլուծել, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով է Քչոարյանը կալանավայրից նման ուղերձ հղել:

Պատճառն առավել քան ակնհայտ է. նա ցանկանում է ևս մեկ ագամ հի՛շեցնել իր մասին ու, ամենակարևորը, հանդես գալ որպես այլընտրանքային ընդդիմադիր բևեռ, օգտվել իր կարգավիճակից ու ինքն իրեն «նահատակ» հռչակել, հանրահռչակվել՝ քաղբանտարկյալ: Քոչարյանը սրան գնում է շատ կոնկրետ հույսով՝ ապագայում դառնալու Նիկոլ Փաշինյանի իբր միակ  այլընտրանքը, վերածվելու այն առանցքային ֆիգուրի, որի շուրջ են համախմբվելու ոչ միայն իր կողմնակիցներն, այլև իշխանւթյուններից բոլոր դժգոհ մարդիկ՝ հասարակության ընդդիմադիր հատվածը, որը դեռ նոր է ձևավորվելու:

Քոչարյանի ջանքերը՝ մնալու ներքաղաքական կյանքի առանցքում կամ գոնե չհայտնվելու լուսանցքից դուրս, միանշանակորեն պայմանավոված են ինքնապահպանման բնազդով, միայն թե նրա համար ողջ հարցն այս դեպքում այն է, թե որքանով արդարացված կլինեն նրա հույսերը, արդյոք ժամանակ առ ժամանակ  ուղերձներ հղելով հնարավոր կլինի՞ վաստակել հասարակության գոնե մի մասի վստահությունը, թե՞ նման բաներով հասարակությանն, այնուամենայնիվ, չես ստիպի վերագնահատել անցյալը, դրան նայել մեկ այլ՝ քոչարյանական տեսանկյունից:

Ահա հարցի արժեքը:

Առնչվող Հոդվածներ