Հասարակություն

Օդային անվտանգության հարցը՝ որպես սպառնալիք, կախված է բոլորիս գլխին. պրոֆեսիոնալները մեկը մյուսի հետևից լքում են Քաղավիացիայի պետական կոմիտեն:

Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ վերջինս աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ցանկացած գերատեսչության իրավաբանական վարչությունն այդ մարմնի կարևորագույն ու խիստ պատասխանատու բաղկացուցիչներից է՝ հասկանալի պատճառներով, և բնական է, որ 2005թ.-ից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Իրավաբանական վարչությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած, կառավարման համակարգի հսկայական փորձ ունեցող Լ. Ջանիբեկյանի՝ աշխատանքից ազատվելը հարցեր է առաջացնում, հատկապես, որ Կոմիտեի երիտասարդ, անփորձ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, թվում է, թե շատ պիտի ունենար ոլորտի գիտակ փորձառու իրավաբանի կարիքը։

168.am-ի հետ զրույցում Լևոն Ջանիբեկյանը հաստատեց, որ իր դիմումի համաձայն՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ պատճառների մասին հրաժարվեց խոսել՝ խորհուրդ տալով դրանք փնտրել իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Այդ գրառման մեջ Լևոն Ջանիբեկյանը մասնավորապես նշում է. «Ցավում եմ, որ ոլորտում ներկայումս ընթացող որոշ գործընթացներ համահունչ չեն քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ իմ տեսակետների հետ»։

«Մենք հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում նա հետաքրքրվել է, թե ես ինչու եմ առանց իր հետ համաձայնեցնելու՝ դիմում գրել, ինչին ես պատասխանել եմ, որ այդ ցանկությունը չեմ ունեցել»,- մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իրեն չի փորձել հետ պահել այդ որոշումից, պատասխանեց Լևոն Ջանիբեկյանը։

Մեր այն հարցին, թե այժմ ինչով է զբաղված, Լ. Ջանիբեկյանը պատասխանեց, որ անցել է նոր աշխատանքի ու գտնվում է աշխատավայրում։

Այլ մանրամասներ Քաղավիացիայի կոմիտեի Իրավաբանական վարչության նախկին պետը չհայտնեց։

168.am-ին այլ բան չէր մնում, քան սեփական հետաքննությունն անցկացնել և պարզել, թե ո՞րն է, այնուամենայնիվ, Լևոն Ջանիբեկյանի, ու, ինչպես հետո տեղեկացանք, նաև Կոմիտեի այլ աշխատակիցների՝ աշխատանքից ինքնակամ ազատվելու պատճառը։

Քաղավիացիայի կոմիտեի մեր աղբյուրը հետևյալ պատճառները նշեց.

«Պատասխանատու պաշտոններ զբաղեցրած մարդկանց, ոլորտի գիտակների՝ աշխատանքից ազատման հիմնական պատճառը վարվող քաղաքականության ու նաև կոմիտեի ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունն է. դրանք ունեին կազմակերպչական ու աշխատանքային բնույթ»։

Մեր աղբյուրը նշեց նաև, որ աշխատակիցներն ազատվում են նաև վարձատրության քիչ լինելու պատճառով, քանի որ աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, պահանջարկ ունեն մասնավոր սեկտորում և արտասահմանում, իսկ հատկապես այս պայմաններում, երբ Կոմիտեի ղեկավարության կողմից վարվող քաղաքականության հետ նրանք խորը հակասություններ ունեն, իմաստ չեն գտնում շարունակել մնալ կառույցում։

«Կոմիտեում հիմնական ուշադրությունը պետք է դարձվի մեր մասնագիտական աշխատանքին, այսինքն՝ Քաղավիացիայի կոմիտեն ստեղծված է նրա համար, որ ապահովի օդանավերի և ուղևորների անվտանգությունը, այնինչ այժմ ավելի շատ ուշադրություն է դարձվում սակագնային քաղաքականությանը, ավիատոմսերին, ավիավառելիքին, որով որ, ըստ էության, կոմիտեն չպետք է զբաղվի, քանի որ այդ հարցերի համար կան այլ, տնտեսական, մենաշնորհային, հակամենաշնորհային մարմիններ»,- նշեց մեր աղբյուրը՝ հավելելով, որ այս հարցերով իրենք, իհարկե, զբաղվել են, երբ Կոմիտեն դեռ Քաղավիացիայի գլխավոր վարչություն էր, սակայն կան առաջնահերթություններ, և այն ժամանակ ղեկավար անձը որոշումներ կայացնելու ավելի մեծ փորձ ուներ և այդ որոշումները կայացնում էր ավելի բարձր մակարդակով։

Նա նշեց նաև, որ Կոմիտեում աշխատող վարչության պետերը, տեղակալները, գլխավոր մասնագետները սոսկ մասնագետներ են, և պետք է յուրաքանչյուրն իր գործով զբաղվի, այլ ոչ թե՝ քաղաքականության մշակմամբ։

«Այլ կերպ ասած՝ պետք է լինի ոլորտից հասկացող պրոֆեսիոնալ ղեկավար, իմանա դրա բոլոր նրբությունները. այդ ղեկավարը Կոմիտեում այժմ չկա»,- եզրափակեց մեր աղբյուրը։

Ստացվում է, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկրի օդային անվտանգության հարցն արդեն որպես սպառնալիք է կախված բոլորիս գլխին, քանի որ, եթե ոլորտը լքում են բարձր որակավորում ունեցող, միջազգային չափանիշերին համապատասխան միջազգային լուրջ կազմակերպություններում մասնագիտական պրոֆեսիոնալիզմը կատարելագործած մասնագետները, ու սրան էլ գումարում ես Կոմիտեի ղեկավարի անփորձությունն ու իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, վիճակն իսկապես օրհասական է։

Առնչվող Հոդվածներ