Մշակույթ

Ֆրեդի Մերկուրիի նախկին սիրեցյալը «Բոհեմական ռապսոդիայի» հասույթից շուրջ 65 միլիոն դոլար կստանա. Mirror

Բրիտանացի Մերի Օստինը, որին լեգենդար Queen ռոք խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին «իր ամբողջ կյանքի սերն» ու «քաղաքացիական կինն» էր անվանում, շուրջ 65 միլիոն դոլար կստանա 2018 թվականին թողարկված «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ցնցող հաջողության շնորհիվ, գրում է Mirror-ը:

Պարբերականի տվյալներով՝ Օստինը, որին Մերկուրին մահից առաջ կտակել էր իր ունեցվածքի կեսը, ֆիլմի հասույթից կստանա մոտ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 65 միլիոն դոլար): Ներկա պահի դրությամբ «Բոհեմական ռապսոդիան» համաշխարհային վարձույթում արդեն գրեթե 800 միլոն դոլար է հավաքել և արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Լեգենդար երաժշտի վերջին կամքի համաձայն՝ իր ծնողների մահից հետո Օստինը ստանում է Queen-ի եկամտի 18,25%-ը և Մերկուրիի անհատական ծրագրերից ստացված եկամտի 75%-ը: Գումարի մյուս մասը ստանում են երաժշտի քույրն ու Queen-ի մյուս անդամները:

Մերի Օստինը, որն այժմ 67 տարեկան է, գրեթե ճգնավորական կյանք է վարում և խիստ հազվադեպ է հարցազրույցներ տալիս: Նա անգամ չի հանդիպել ֆիլմում իրեն մարմնավորած դերասանուհու՝ Լյուսի Բոյնթոնի հետ և չի մասնակցել «Բոհեմական ռապսոդիայի» ստեղծման աշխատանքներին:

Մերկուրին և Օստինը ծանոթացել են 1970 թվականին, երբ Մերին 19 տարեկան էր: Տարիներ անց նրանց սիրավեպն ավարտվել է, սակայն զույգը ջերմ ընկերական հարաբերություններ է պահպանել ամբողջ կյանքի ընթացքում:

Առնչվող Հոդվածներ