Հասարակություն

5 հայ կին, որոնք փոխել են համաշխարհային պատմության ընթացքը:

Համաշխարհային պատմությունը հիմնված է ոչ միայն նշանակալից իրադարձությունների, այլև տարբեր ազգերի հայտնի կերպարների վրա, որոնց դերը այդ պատմությունում անհնար է թերագնահատել։

Հայերի համար մեծ պատիվ է իմանալը, որ վերոնշյալ մարդկանց թվին են դասվում ազգությամբ հայ գիտնականներ, հերոսներ, արտիստներ և քաղաքական գործիչներ, և այդ կերպարները ինչպես տղամարդիկ են եղել, այնպես էլ կանայք։ Ձեզ ենք ներկայացնում այն 5 հայ կանանց, որոնք հայկական արմատներ ունեն, չնայած որ ապրել և աշխատել են աշխարհի տարբեր անկյուններում։

Սուրբ Շուշան-Վարդենի (409-475 թթ.)

Շուշան-Վարդենին հայ սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր։ Նրա մարմինը թաղված է Վրաստանում։ Հայկական և Վրացական եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես տիեզերական սուրբ։

Ավարայրի ճակատամարտին հաջորդող տասնամյակում Շուշանն ամուսնացավ վրացի Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, ով իր հոր իրավահաջորդն էր և կրում էր «բդեշխ» տիտղոսը։ Սակայն քաղաքական նկատառումներից ելնելով՝ Վազգենն ուրանում է քրիստոնեությունը ու կնության առնում պարսիկ կնոջ։ Դրանից հետո Շուշանիկը, ով քրիստոնեական կրթություն էր ստացել, մերժում է իր դավանափոխ ամուսնուն և վերջինիս թույլ չի տալիս անգամ տեսնել երեխաներին։ Նա փակվում է խավար ու խոնավ մի խցում, որը Յուրտավի եկեղեցու մոտակայքում էր գտնվում։ Իհարկե, ամուսինն ամեն ինչ անում էր, որպեսզի Շուշանիկը ևս մերժի քրիստոնեությունը, անգամ ծեծում և խոշտանգում էր նրան, սակայն նրա ջանքերն իզուր էին, քանի որ Շուշանիկն անդրդվելի էր մնում։ Վեց տարի կրած չարչարանքներից հետո նա մահանում է։ Նա պատմության մեջ մտավ ոչ միայն որպես սրբադասված հայուհի, այլև միջին դարերի գաղափարական կնոջ իդեալական կերպար։

Մումթազ Մահալ (Արջումանադ Բանու Բեգամ) (1593-1631 թթ.)

Եկեք Վրաստանից տեղափոխվենք Հնդկաստան և նոր փաստեր հայտնաբերենք։ Շատերն են երազում այցելել հնդկական Ագրա քաղաք և տեսնել Հնդկաստանի մարգարիտը՝ Թաջ Մահալը։ Սակայն քչերն են հետաքրքրվում, թե ինչու են կառույցը կոչել հենց Թաջ Մահալ։ Պարզվում է՝ այդպես է անվանվել Շահ Ջահանի սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի անունով։ Հարկ է նշել, որ Մումթազ Մահալը արմատներով ևս հայուհի էր՝ հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրն էր։ Աղջկա ընտանիքը շիա իսլամական կրոն էր դավանում, հետևաբար նրա օրիորդական անունը Արջումանադ Բանու Բեգամ էր։ Շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը, հետագայում աղջկա անունը փոխել է Մահալ, որը նշանակում է «պալատի զարդ»։ 1612-ին 19 տարեկանում թագավորի հետ ամուսնացած Մումթազ Մահալը ունեցավ 13 երեխա։ 14-րդ երեխայի ծննդյան պահին նա մահացավ ամուսնու ռազմական ճամբարում։ Մահվան նախաշեմին Մումթազը խնդրեց ամուսնուն իր գերեզմանաքարի վրա տաճար կառուցել, որը արժանի կլինի իրենց մեծ սիրուն։

Սիրելի կնոջ մահից հետո՝ շահ Ջահանը երկու տարով երկրում սուգ է հայտարարում, որի ընթացքում արգելվում էր հնդկական տոները նշել, պարել ու երաժշտություն լսել: Այնուհետև հրամայում է Ագրա տեղափոխված կնոջ գերեզմանի վրա կառուցել մարմարե մեծ դամբարան, որի շինարարությունը տևում է 22 տարի, և Մումթազ Մահալի պատվին այն կոչվում է Թաջ Մահալ՝ «թագի պալատ»։

Զարուհի Քավալջյան (1877-1969 թթ.)

Զարուհի Քավալջյանը Թուրքիայի առաջին կին բժիշկն էր։ Նա ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում։ Հայրը՝ Սերոբ Քավալջյանը, ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և որպես բժիշկ էր աշխատում Ադափազարում և Իզմիթում։ 1898-ին Զարուհին ավարտեց Ադափազարի Ամերիկյան օրիորդաց քոլեջը և մեկնեց ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանանց արգելվում էր բժշկություն սովորել։ Քավալջյանը Չիկագոյում ընդունվում է համալսարան և 1903-ին ավարտում է Իլինոյիսի համալսարանի բժշկական բաժինը։ Այնուհետև վերադառնում է Ադափազար և հոր հետ որոշ ժամանակ որպես բժիշկ աշխատում։ Նա նաև Ամերիկյան քոլեջում կենսաբանություն էր դասավանդում։

Առաջին աշխարհամարտի ժամանակ Քավալջյանն ակտիվորեն մասնակցում էր տուժածներին ու վիրավորներին օգնություն ցուցաբերող հաստատությունների աշխատանքներին: Ավելի ուշ տեղափոխվում է Ստամբուլ: Բացի բժշկությունից, Զարուհին շարունակում էր դասավանդել Ուսկյուդարի Ամերիկյան օրիորդաց դպրոցում, որտեղ հայտնի էր որպես դոկտոր Քավալ:

Աննա Տեր-Վարդանյան(1920-2011 թթ.)

Համաշխարհային պատմությունն ապացուցում է, որ ինչ-ինչ, բայց ռազմական գործում կանայք տղամարդկանց մրցակից չեն կարող լինել: Բայց, արի ու տես, որ այստեղ ևս կան բացառություններ: Աննա Տեր-Վարդանյանը ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագն է եղել: Նա այս կոչումը ստացել է 1959 թվականին Նյուփորթի ռազմածովային քոլեջում և դարձել է զինված ուժերում ծառայող առաջին կինը, որը արժանացել է E-9 կոչման:

Տեր-Վարդանյաններն ընտանիքով էին ներգրաված ռազմական գործում: Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց Աննան կամավոր զինվորագրվում է, քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում է ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում: Ավելին՝ մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում:

Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս(1949 թ.)

Առաջինը լինելը միշտ էլ բնորոշ է եղել հայուհիներին, և մոր օրերում դրա ապացույցներ ևս ատ կան: Գերագույն դատարանի առաջին կին նախագահը հայուհի էր: Նոր Զելանդիան որոշել էր, որ արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկը՝ Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը, ով պատրաստակամորեն պաշտպանում էր Մաորի տեղաբնիկների իրավունքները, պետք է գերագույն դատավոր դառնա: Այս պաշտոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում նաև երկրի գեներալ-նահանգապետի փոխարինումը վերջինիս բացակայության պայմաններում:

Դեյմ Սայան Սրբուհի Իլայասի մասին New Zealand Herald-ը գրելէ. «Եթե կա բնավորության մի գիծ, որը նրան ճանաչողներից բոլորին է հայտնի, դա այն է, որ նա բարեհամբույր է բոլոր դեպքերում, անգամ երբ խիստ քննադատվում է»:

Առնչվող Հոդվածներ