Առողջություն/Բժշկություն

5 հույզ, որոնք բացասաբար են անդրադառնում առողջական վիճակի վրա:

Տրամադրության տատանումներից խուսափելու կարողությունը համարվում է երկարակյացների բնավորության հիմնական գծերից մեկը, քանի որ վաղուց հայտնի է, որ հույզերն անմիջականորեն ազդում են մարդու առողջության վրա: Գիտնականները ներկայացրել են այն հույզերը, որոնք վնասում են առողջությանն ու կրճատում կյանքի տևողությունը:

Ցասում

Այս հույզը խթանում է օրգանիզմում քիմիական նյութերի, այդ թվում նաև ադրենալինի ու նորադրենալինի արտազատումը, իսկ սրտանոթային համակարգի թուլացման դեպքում այս հորմոնների դիսբալանսը կարող է դառնալ լուրջ խնդիրների պատճառ և հանգեցնել անգամ սրտի նոպայի: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցասման բռնկումից երկու ժամ անց սրտամկանի ինֆարկտի հավանականությունն աճում է գրեթե հինգ անգամ, իսկ գլխուղեղի կաթվածի հավանականությունը՝ երեք:

Շոկ

Շոկի հետևանքները կարող են լինել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ: Օրինակ՝ շոկի հետևանքով կարող են գլխուղեղում կառուցվածքային փոփոխություններ տեղի ունենալ, որոնք կդրսևորվեն հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ: Այս դեպքում ի հայտ են գալիս քնի ու սննդի ընդունման հետ կապված խնդիրներ, սեռական դիսֆունկցիա, քրոնիկ ցավեր ու պահվածքային խանգարումներ:

Անհանգստություն

Տագնապային խանգարումները բավական բազմազան են ու ներառում են մի շարք խնդիրներ: Ամենահայտնի խանգարումներից է խուճապային խանգարումը, որի դեպքում մարդու մոտ վախի ու տագնապի նոպաներ են լինում, որոնք ուղեկցվում են նաև սոմատիկ դրսևորումներով՝ սրտխփոցով, գլխապտույտով, թթվածնի պակասով: Մասնագետների խոսքով՝ ներկայում տագնապային խանգարումներ առավել հաճախ հանդիպում են երիտասարդների մոտ, ինչը պայմանավորված է լինում կյանքում ֆինանսական ու սոցիալական անկայունությամբ, գաջեթների կիրառությամբ ու սխալ սննդակարգով: Խնդիրն այն է, որ տագնապն ու անհանգստությունը խանգարում են մարդու հոգեկան առողջությունը և բացասաբար են անդրադառնում կյանքի որակի վրա:

Միայնություն

Միայնության զգացումն ու դրա հետ կապված բացասական հույզերը բարձրացնում են օրգանիզմում սթրեսի հորմոնի մակարդակն ու զարկերակային ճնշումը: Բացի այդ, միայնությունն ու մեկուսացումը զգալիորեն թուլացնում են մարդու իմունային համակարգը, ինչը կարող է դառնալ լուրջ խնդիրների պատճառ: Որոշ տվյալներով՝ միայնությունը բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը 14%-ով:

Վիշտ

Հետազոտությունները ցույց են տվել, որ վիշտը բարձրացնում է օրգանիզմում բորբոքային գործընթացների մակարդակը, ինչի հետևանքով բարձրանում է դեպրեսիաների, սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի ու վաղաժամ մահվան հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Առնչվող Հոդվածներ