Հասարակություն

5/10/15. Փաուելը Թբիլիսիում, ռազմաբազային կրքեր, զուսպ Տրուբնիկովը:

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-27

 

Օսկանյանի ու Փաուելի հանդիպումը Թբիլիսիում

 

Հունվարի 25-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Թբիլիսիում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ:

 

Օսկանյանն ու Փաուելը ներկա էին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի երդմնակալության արարողությանը:

 

ՀՀ ԱԳՆ-ում նշել էին, որ Վարդան Օսկանյանի եւ Քոլին Փաուելի ուշադրության կենտրոնում էր հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը:

Քոլին Փաուելը Թբիլիսիում 2004 թվականին
Քոլին Փաուելը Թբիլիսիում 2004 թվականինԼուսանկարը` REUTERS

«Նրանք դրական գնահատական են տվել գոյություն ունեցող հայ-թուրքական երկխոսությանը եւ ընդգծել ԱՄՆ-ի կարեւոր դերը այդ երկխոսության գործնական արդյունքների ապահովման գործում»,- ասված էր ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Ռազմակայանների շուրջ «կրքերը»

 

«Կովկասը պետք է ազատ լինի ցանկացած արտասահմանյան ռազմակայաններից», — հայտարարել էր Իլհամ Ալիեւը՝ հունվարի 23-ին «Ֆիգարո» թերթում հրապարակված հարցազրույցում:

 

Իլհամ Ալիեւը նկատել էր, որ Ադրբեջանն իր տարածքում չունի օտարերկրյա ռազմական ներկայություն եւ «ամերիկյան ռազմակայանների հնարավոր տեղակայման վերաբերյալ որեւէ քննարկում չի վարում ԱՄՆ-ի հետ»:

 

Երեք օր անց, հունվարի 26-ին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն «իրականությանը չհամապատասխանող» էր անվանել հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը փորձում է համոզել Հայաստանին վերադարձնել մի քանի գրավյալ տարածքներ, իսկ Ադրբեջանը փոխարենը պետք է հրաժարվի իր տարածքում ԱՄՆ ռազմակայաններ տեղակայելուց:

 

Իրատես Տրուբնիկովը

 

Հունվարի 26-ին Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը կոչ էր արել «հնարավորինս շուտ վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները»:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նա նշել էր, որ «այժմ կողմերի ելակետային դիրքերը ավելի շատ են տարբերվում, քան 2-3 տարի առաջ»:

Վյաչեսլավ Տրուբնիկովը
Վյաչեսլավ ՏրուբնիկովըԼուսանկարը` Rosoboronexport

Վյաչեսլավ Տրուբնիկովը հերքել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պասիվության մասին հայտարարությունները եւ հիշեցրել, որ «Մինսկի խմբի ավելի քան 10 տարվա պատմության մեջ կարգավորման մի քանի տարբերակներ էին առաջարկվել, սակայն դրանք բոլորը մերժվում էին կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի կողմից»:

 

Ըստ էության՝ ասում էր դիվանագետը, «կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները այս կամ այն ձեւով եղել են բանակցային գործընթացի օրակարգում»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆՎԱՐԻ 21-27

 

Առաջինը ԱՊՀ-ում

 

Հունվարի 24-ին Հայաստանում բացվեց Ֆինանսական համակարգի օմբուդսմենի գրասենյակը, որի ղեկավար դարձավ Կենտրոնական բանկի ղեկավարի իրավաբանական հարցերով նախկին խորհրդական Փիրուզ Սարգսյանը:

 

Հայաստանը դարձավ առաջին երկիրը ԱՊՀ-ում, որտեղ բացվեց ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-27

 

ՄՄ-ին անդամակցելու գործողությունների ծրագիրը

 

Հունվարի 23-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզի իրականացմանը ուղղված գործողությունների ծրագիրը:

 

Հեռահար հարվածային սպառազինություն

 

Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակներում Հայաստանը կշարունակի ձեռք բերել հեռահար հարվածային գերճշգրիտ սպառազինություն:

 

«2014-ին վերջնականապես ավարտին կհասցնենք այդ միջոցների ձեռքբերման գործընթացը»,- ասել էր նախարարը:

Սեյրան Օհանյանը
Սեյրան ՕհանյանըԼուսանկարը` ՀՀ ՊՆ

«Ժամանակակից  սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, հեռահար եւ գերճշգրիտ միջոցներ գնելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս կատարելագործել պաշտպանական զսպման մեր մեխանիզմները»,- ասել էր Սեյրան Օհանյանը:

 

Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ