Շահումով խաղերը Հայաստանում․կանոններ և կանոնակարգեր

օրենք

Շահումով խաղերը մարդկությանը ծանոթ են դեռ անհիշելի ժամանակներից, սակայն դրանց կիրառությունը ոչ միանշանակ է ընկալվում շատ երկրներում։ Ոմանք դրական են վերաբերվում շահումով խաղերին՝ որակելով դրանք որպես հետաքրքիր ժամանցի միջոց, իսկ ոմանք էլ կարծում են, որ նմանատիպ խաղերը վտանգավոր են, առաջացնում են կախվածություն, իսկ երբեմն մարդկային ճակատագրեր են կործանում։

Դա է պատճառը, որ միջազգային մակարդակով որոշում է կայացվել ներմուծել օրենքներ՝ կարգավորելու շահումով խաղերի ոլորտը և նվազեցնելու տարբեր տեսակի խաբեությունների ու խաղամոլության հավանականությունը։ Ինչևէ, պետք է նկատել, որ չկան այնպիսի կանոններ, որոնք տարածվում են բացառապես աշխարհի բոլոր երկրների վրա։ Ավելին, օրենքներն ու կանոնակարգերը տարբերվում են անգամ՝ կախված միևնույն երկրի նահանգներից, մարզերից և այլ գործոններից։

ՀՀ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին»  օրենքը

Հայաստանի Հանրապետությունում գործում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին»  օրենքը։ Այն հասանելի է ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական վեբ-կայքում: ՀՀ կառավարությունը իրավասու է սահմանել պահանջներ խաղային ավտոմատների, ինտերնետ շահումով խաղերի խաղային ծրագրերի արտոնագրման և կոդավորման մեխանիզմների, ինչպես նաև խաղային ավտոմատներում տեխնիկական սարքերի առկայության և դրանց կիրառման նկատմամբ։

ՀՀ կանոնակարգը ցամաքային խաղատների և շահումով խաղերի մասին

Ցամաքային խաղատունը ֆիզիկական կառույց է, որտեղ խաղացողները կարող են մուտք գործել և կատարել խաղադրույքներ։ Եկեք տեսնենք, թե ինչպիսի կանոններ են գործում Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի և ցամաքային խաղատների առնչությամբ։

Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը պարտավորվում է․

խաղատուն
  1. խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը իրականացնել բացառապես այն հասցեում, որը նշված է համապատասխան լիցենզիայում,
  2. ապահովել, որ խաղասրահը դրսից անտեսանելի լինի,
  3. ապահովել նախասրահի առկայությունը, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ,
  4. նախասրահում իրականացնել նույնականացման աշխատանքներ այն հաճախորդների համար, ում հետ կատարված գործարքները գերազանցում են մեկ միլիոն ՀՀ դրամը,
  5. ապահովել խաղասրահի անվտանգությունը՝ ներդնելով պահպանիչ և հակահրդեհային համակարգեր,
  6. արգելել 21 տարին չլարացած անձանց մուտքը խաղասրահ,
  7. տրամադրել շահումը հաճախորդին վերջինիս առաջին իսկ պահանջի դեպքում,
  8. իրականացնել խաղանիշերի փոխանակումը միայն կանխիկ ՀՀ դրամով, բանկային քարտով կամ բանկային ոլորտում ընդունված այլ եղանակով,
  9. սահմանված ժամկետում վճարել տարեկան պետական տուրքը,
  10. փակցնել կազմակերպվող խաղերի կանոնները խաղասրահում,
  11. կազմակերպել և անցկացնել շահումով խաղերը բացառապես ըստ այն կանոնակարգի, որը սահմանվել է կազմակերպչի կողմից և համաձայնեցվել է լիազոր մարմնի հետ,
  12. գործել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն,
  13. չիրականացնել շահումով խաղերի գործունության գովազդ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով։

Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը պետք է ներառի այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իրականացվող շահումով խաղերի տեսակներն ու քանակը, շահումով խաղի մեկ տոմսի, խաղանիշի, միավորի գինը, խաղի անցկացման կարգը, շահումի տարբերակները, շահումները վճարելու վայրը, խաղացողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:

ՀՀ կանոնակարգը ինտերնետ շահումով խաղերի մասին

առցանց կազինո

Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը պարտավորվում է․

  1. կատարել հաճախորդների նույնականացում, բացառել քսանմեկ տարին չլրացած անձանց մասնակցությունը խաղերին,
  2. իրականացնել 1 միլիոն ՀՀ դրամից ավելի գործարք կատարող հաճախորդների նույնականացում,
  3. իրականացնել ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը բացառապես կանոնակարգում նշված կազմակերպչի ինտերնետային կայքում,
  4. կազմակերպչի սերվերում ստեղծել անհատական խաղային հաշիվ յուրաքանչյուր խաղացողի համար,
  5. խաղերն անցկացնել համաձայն իր կողմից սահմանված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգի,
  6. տրամադրել շահումը խաղացողին վերջինիս առաջին իսկ պահանջի դեպքում,
  7. փոխանցել շահումը ՀՀ դրամով (խաղացողի բանկային հաշվին, բանկային քարտին կամ կիրառել բանկային ոլորտում ընդունված այլ վճարման եղանակներ),
  8. չփոխանցել շահումները այն հաշվիներին, որոնցից չեն կատարվել մասնակցության վճարները, ինչպես նաև չընդունել վերոհիշյալ մասնակցության վճարները և չտրամադրել շահումները կանխիկ գումարով,
  9. սահմանված ժամկետում վճարել պետական տուրքը,
  10. իրականացնել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջները,
  11. գործել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների շրջանակում։

Կազմակերպչի ինտերնետային կայքում պետք է նշված լինեն այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ կազմակերպչի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզիայի համարը, անցկացվող շահումով խաղերի տեսակներն ու քանակը, տեղեկություններ այն մասին, որ քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղերին մասնակցելը արգելվում է, խաղերի նկարագրերը, կանոնները, շահումով խաղի մեկ տոմսի, խաղանիշի, միավորի գինը, շահումի տարբերակները, մասնակցության վճարների ընդունման կարգը, շահումները վճարելու կարգը, խաղացողների իրավունքներն ու պարտականությունները և իհարկե կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:

Շահումով/ինտերնետ շահումով խաղերի կանոնակարգը ՀՀ մարզերում

Համաձայն ՀՀ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին»  օրենքի՝ 2014 թ-ի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել հետևյալ տարածքներում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններ, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններ։ Ընդ որում` դրանք պետք է գտնվեն կրթական և պատմամշակութային կենտրոններից, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում:

Խնդրում ենք նկատել, որ վերոհիշյալ տեղեկությունների աղբյուր է հանդիսանում է  ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքը, ինչպես նաև հաշվի առնել, որ այստեղ ներկայացված չեն կանոնակարգի բոլոր դրույթները։ ՀՀ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին»  օրենքին լիարժեք ծանոթանալու համար խնդրում ենք մուտք գործել parliament.am կայք։