Շատ հաճախ որոշ մարդկանց համար ազարտային խաղերը ուղղակի ժամանցի միջոց լինելուց վերածվում են կախվածության՝ բացասաբար անդրադառնալով նրանց ֆինանսական, անձնական, սոցիալական կյանքի, ինչպես նաև հոգեբանական ու առողջական վիճակի վրա։ Խաղամոլությունը անձանց պաթոլոգիական կախվածությունն է շահումով խաղերից։ Բանն այն է, որ որոշ անձինք սկսում են մասնակցել տարբեր շահումով խաղերի և չեն նկատում՝ ինչպես են կորցնում իրավիճակի վերահսկողությունն ու ընկնում մոլեխաղության ծուղակը։ Նկատենք, որ խաղամոլությունը համարվում է հոգեբանական խանգարում, իսկ 2018 թվականին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ընդգրկել է խաղամոլությունը հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ։
Պատասխանատու խաղ`պայքարի լավագույն միջոցները
Պատասխանատու խաղը ենթադրում է խաղային օպերատորների կողմից որոշակի գործողությունների իրականացում՝ ուղղված խաղամոլությամբ տառապող անձանց օգնելուն, ինչպես նաև խաղացողներին հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելուն։ Եկեք միասին տեսնենք, թե որոնք են պատասխանոտու խաղի կիրառման հիմնական միջոցները՝ առանձին անդրադարձ կատարելով դրանցից յուրաքանչյուրին։
Ինքնաբացառման ծրագրեր
Կամավորական բնույթ կրող ինքնաբացառման ծրագրերն իրականացվում են խաղային օպերատորների, առցանց շահումով խաղերի կայքերի և այլ մարմինների կողմից, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց ինքնաբացառվելու դրամախաղային տարբեր առաջարկներից։ Այս ծրագրերը հեռացնում են համապատասխան անձանց մարքեթինգային ուղղվածություն ունեցող տվյալների բազայից։
Որոշ դեպքերում ծրագրում ներառված անձանց կարող են հեռացնել խաղատնից կամ մերժել շահումների տրամադրման հարցում։ Ուսումնասիրությունների համաձայն՝ նման ծրագրերը բավականին դրական ազդեցություն են ունենում վեց ամիս անց, քանի որ մարդկանց՝ շահումով խաղերից օգտվելու հակվածությունը զգալիորեն նվազում է։
Այնուամենայնիվ, փաստերը վկայում են այն մասին, որ այս դրական ազդեցությունը երկար չի տևում, և որոշ ժամանակ հետո ծրագրում ընդգրկված մասնակիցները խախտում են համաձայնագիրը և նորից դառնում խաղատների մշտական այցելուները։ Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ ինքնաբացառման ծրագրերը բավականին արդյունավետ են որոշ խաղացողների համար, սակայն անհրաժեշտ է իրականացնել ավելի հանգամանալից հետազոտություններ՝ պարզելու, թե որոնք են ծրագրի լավագույն հատկանիշները և ինչպես կարելի է երկարացնել վերջինիս դրական ազդեցության տևողությունը խաղացողների շրջանում։
Վարքագծի առանձնահատկությունների ուսումնասիրություն
Խաղամոլությունը կանխելու հաջորդ միջոցը վարքագծի առանձնահատկությունների ուսումնասիրությունն է։ Այն իրենից ներկայացնում է հատուկ ալգորիթմի մշակում, որը մի կողմից օգնում է կանխատեսել՝ ով է առավելագույնս հակված կրել վնասներ շահումով խաղերից, իսկ մյուս կողմից իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ նախքան այդ խնդրի ի հայտ գալը։ Այսօրինակ ալգորիթմներն առավել կիրառելի են առցանց շահումով խաղերի միջավայրում, քանի որ այստեղ հասանելի են դառնում խաղացողի բոլոր գործարքները, մինչդեռ ֆիզիկական խաղատների դեպքում նման տեղեկությունների հայթայթումն անհամեմատ ավելի բարդ է։
Չնայած այն հանգամանքին, որ վարքագծի առանձնահատկությունների ուսումնասիրությունը աստիճանաբար բարելավվում է, դեռևս ի հայտ չի եկել մեկ որոշակի, մասնագետների կողմից ստուգված ալգորիթմ, որը թույլ կտա 100% ճշգրտությամբ կանխատեսել խաղամոլության խանգարումը։
Ժամանակի և գումարի սահմանափակումներ
Պատասխանատու խաղի կիրառման հաջորդ միջոցը որոշակի սահմանափակումների ներդրումն է։ Բազմաթիվ բուքմեյքերային ընկերություններ հնարավորություն են տալիս խաղացողներին նշելու գումարի կամ ժամանակի մի սահմանաչափ, որի գերազանցումն իրենց համար անթույլատրելի է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ անձինք, ովքեր սահմանափակել են շահումով խաղերին իրենց կողմից հատկացվող գումարն ու ժամանակը, արդյունքում ավելի քիչ գումար են ծախսել դրանց վրա։ Սահմանափակումները կարող են կրել ժամանակավոր կամ մշտական բնույթ, ինչպես նաև կարող են վերաբերվել առանձին խաղերին, մրցաշարերին, դեպոզիտներին և խաղադրույքներին։
Խաղի ֆունկցիաների փոփոխություններ
Այստեղ խոսքը գնում է խաղերի այն ֆունկցիաների փոփոխությունների մասին, որոնք կատարվել են պատասխանատու խաղի խթանման նպատակով։ Նման փոփոխությունների մեջ են մտնում խաղի արագության նվազեցումը, էկրանին նախազգուշական հաղորդագրության ցուցադրումը և այլն։
Տեղեկությունների տրամադրում հնարավոր վտանգների մասին
Պատասխանատու խաղի շրջանակում խաղատները տեղեկացնում են խաղացողներին բոլոր այն հնարավոր վտանգների մասին, որոնց նրանք կարող են բախվել տարբեր տեսակի ազարտային խաղերի ժամանակ։ Խաղացողներին կարող են ուղարկվել նաև տեղեկություններ այն մասին, թե ինչպես խաղալ՝ վերահսկելով իրավիճակը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Վերոհիշյալ կետերը Պատասխանատու խաղի շրջանակում կիրառություն ունեցող ամենատարածված միջոցներն են։ Եկեք երբեք չմոռանանք, որ խաղերը ստեղծված են մարդկանց միայն դրական զգացողություններ պարգևելու համար։ Ուստի շատ կարևոր է ցուցաբերել խոհեմություն՝ ծանոթանալով Պատասխանատու խաղի բոլոր կանոններին և հետևելով դրանց պահպանմանը ողջ խաղի ընթացքում։